Monday, November 8, 2010

Սահակաշվիլին մերկացրել է Ալիևի իշխանությանը

Panorama.am. 8-11-2010- Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մերկացրել է Ադրբեջանի իշխանության կոռումպացված էությունը: Սահակաշվիլին հայտարարել է օրերս Վրաստանի արևմուտքն ու արևելքը միացնող նոր ավտոմայրուղու շահագործման մասին` նշելով, որ այդ գերժամանակակից ավտոմայրուղու ամեն կմ-ը 900 հազար ԱՄՆ դոլար է արժեցել:
«Ազադլիգը» պարբերականը գրում է, որ Ադրբեջանում նմանատիպ նորակառույց ճանապարհի մեկ կմ-ը որոշ դեպքերում 20 մլն դոլար է արժենում: Օրինակ, Ազիզբեկովի անվան մետրոյից օդանավակայան տանող ճանապարհի մեկ կմ-ը միջին հաշվով արժեցել է 15,5 մլն դոլար: Ադրբեջանն աշխարհում դասվում է ամենաթանկ ճանապարհներ կառուցող երկրների շարքին: Համաշխարային բանկի 40 երկրներում անցկացրած հետազոտության արդյունքում, ժամանակակից ճանապարհի կառուցման վրա նվազագույնը մեկ կմ-ի վրա ծախսվում է 142 հազար դոլար, իսկ առավելագույնը` 1 մլն 832 հազար դոլար:
«Ժողճակատ» կուսակցության ղեկավար կազմի անդամ Սեյմուր Հազիևի կարծիքով, Ադրբեջանում առկա այդ հսկայական տարբերության պատճառը ոչ թե տնտեսական, այլ` քաղաքական է: «Կառուցվող ճանապարհների գնի մասին Վրաստանի նախագահի հրապարակումը խոսում է այն մասին, որ Ադրբեջանում նույն ճանապարհը կառուցվում է 16 անգամ ավելի թանկ: Սահակաշվիլին իր հայտարարությամբ ավտոմատիկորեն մերկացրել է Ադրբեջանի կառավարությանը` բացահայտելով երկար տարիներ ճանապարհային շինարարության մեջ միլիոնավոր դոլարների հասնող մեքենայությունների անժխտելի փաստը, որը ադրբեջանական իշխանությունների հերթական խայտառակությունն է: Սահակաշվիլիի այդ հայտարարությունը չպետք է պատահական համարել»,- ասել է նա:
Տնտեսագետ-փորձագետ Գուբադ Օբադօղլուի խոսքերով էլ, թեև Ադրբեջանում և Վրաստանում միջին գները տարբեր են, սակայն այդքան մեծ տարբերության պատճառը միանշանակ կոռուպցիան է: «Այսօր Ադրբեջանի բյուջեի 40 տոկոսը հատկացվում է շինարարության բնագավառին: Ադրբեջանում կառուցվող ճանապարհի յուրաքանչյուր մետրի վրա 25 հազար ծախսելու փաստը կուռուպցիայի արդյունք է: Ազիզբեկով մետրոյից մինչև օդանավակայան 14 կմ-ոց ճանապարհը կառուցվել է 360 մլն դոլարով: Միջնադարի և անցյալի վրա հիմնված, միայն անձնական կապիտալ դիզելով զբաղված ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն կարողանում դա բացատրել հասարակությանը»,- ասել է փորձագետը:

No comments: