Friday, November 26, 2010

ԳՅՈՒԼԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑԸ ՇՎԵՅՑԱՐԻԱ ԿԱՐԵՎՈՐ ՕՐԱԿԱՐԳ ՈՒՆԻՙ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԼՂ ՀԱՐՑ

«ԱԶԳ», 26-11-2010- Շվեյցարական լրատու աղբյուրները ողողված են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլիՙ հինգշաբթի եւ ուրբաթ Բեռն եւ Ցյուրիխ պաշտոնական այցի լուսաբանմամբ: Կարմիր գորգ, անվտանգության արտակարգ միջոցառումներ, հանրային երթեւեկի փոփոխված չվացուցակ: Որոշ աղբյուրներ ներկայացնում են նախագահի եւ նրաՙ գլխաշորից ու բարձրակրունկ կոշիկներից չհրաժարվող տիկնոջ դիմանկարներըՙ իրենց շարադրանքում հետաքրքրական շեշտադրումներ ընդգծելով: Գյուլն առաջին անգամ չէ Շվեյցարիայում: 2007-ին նա մասնակցել է Դավոսի գագաթաժողովին:
Բոլոր լրատուները շեշտում են, որ Գյուլի եւ Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյթհարդի զրույցի առանցքային թեման լինելու է Հայաստանի հետ հարաբերությունը, իսկ ըստ swissinfo-իՙ Լեռնային Ղարաբաղի հարցը: Ըստ նախատեսվածի, զրույցից հետո տեղական ժամանակով 17.15-ին կայանալու է երկու նախագահների մամլո ասուլիսը (որին եւ այցի մյուս մանրամասներին կանդրադառնանք մեր վաղվա հրապարակումներում):
Գյուլին հազվադեպ կարելի է առանց ժպիտի տեսնել, ինչը հիշել է տալիս, որ նրա անունը թուրքերեն թարգմանաբար վարդ է նշանակում: Փոխարենը վարչապետ Էրդողանն ավելի շուտ կողավոր տպավորություն է թողնում, բայց երբ հարցը թուրք-հայկական խնդիրներին է վերաբերում, երկու քաղաքական գործիչների միջեւ արմատական տարբերությունները թույլ են ուրվագծվում, մեկնաբանում է swissinfo-ի վերլուծաբանը: Երկօրյա այցին Թուրքիայի նախագահը հավանական է, որ խնդրի շվեյցարացի դիվանագետներին ներդաշնակել ԱՄՆ-ի հետ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու հարցումՙ օգնելով այնպիսի լուծում գտնել, որ Թուրքիան, ինչպես նաեւ Շվեյցարիայիՙ էներգետիկ առումով մյուս կարեւոր գործընկեր Ադրբեջանը բավարարվեն: Շվեյցարիան կարող է դատելՙ մեկնելով անցյալ շաբաթավերջին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի վերջնական հայտարարությունից: Սա կնշանակի, թե առաջնայնություն կտրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին ԼՂ-ում ապրող հայ բնակչության ինքնորոշման սկզբունքի համեմատ: Երբ ԼՂ տարածքային վեճը հարթվի, հերթը կհասնի պատմաբանների հանձնաժողովին, որը կքննիՙ 1915-ին թուրքերը հայերի դեմ ցեղասպանություն իրագործե՞լ են, թե՞ ոչ, Գյուլ-Լյոթհարդ առանձնազրույցի մասին իր ենթադրությունն է փոխանցում swissinfo-ն:
Մեր հրապարակումը խմբագրություն ուղարկելու պահին հայտնի դարձավ, որ Բունդեսհաուսում ողջունելով իր թուրք գործընկերոջըՙ Շվեյցարիայի դաշնային նախագահը հորդորել է նրան շարունակել Հայաստանի հետ բնականոն դարձնելու հարաբերություններըՙ առանց մանրամասնելու, թե Շվեյցարիան շարունակելու է միջնորդական առաքելությունը: Թուրքիայի նախագահն էլ իր հերթին գովաբանել է Շվեյցարիայի միջնորդական ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments: