Thursday, November 25, 2010

«ԱՄՆ-ն, առանց հրեական լոբբիի օգնության, կճանաչի Հայոց ցեղասպանությունը». թուրք վերլուծաբան

HayNews.am. 25-11-2010- Թուրք հայտնի վերլուծաբան, լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդը Milliyet-ի իր սյունակում անդրադառնում է Թուրքիայի կորուստներին՝ Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացումից հետո՝ նշելով, որ նման զարգացումների դեպքում թուրքերը կարող են մի քանի ճակատներում «տանուլ տալ», այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ճանաչումն արգելակելու գործում:
«Ով հետաքրքված է թուրք-ամերիկյան հարաբերություններով պետք է մի բան իմանա՝ Միացյալ Նահանգների համար Իսրայելը մի կողմում է, ամբողջ աշխարհը՝ մյուս կողմում: Թուրք-ամերիկյան հարաբերությունները փոխկապակցված են թուրք-իսրայելական հարաբերությունների հետ: Եթե վիճում ես Իսրայելի հետ, ապա վիճում ես նաև ԱՄՆ-ի հետ»,-նշում է Բիրանդը և հավելում. «Հրեական լոբբին Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում մեծապես կառավարում է Վաշինգթոնին: Իսրայելի դեմ դուրս եկող ցանկացած երկիր դառնում է հրեական լոբբիի «զոհը»: Վերջին շրջանում «ազատության նավատորմի» և Իրանի միջուկային ծրագրի հետ կապված դեպքերից հետո Անկարան նույնպես հայտնվել է հրեական լոբիի «սև ցուցակում»:
«Կոնգրեսը հրեական լոբբիի «խաղադաշտն» է»: Մինչ վերջին շրջանը հրեական լոբիի շնորհիվ ԱՄՆ-ն հրաժարվում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, կիպրական, քրդական, ժողովրդավարության և մի շարք այլ հարցերում փակում էր աչքերը»,-նշում է թուրք վերլուծաբանը և ցավով հավելում, որ այս օգնությունն արդեն իսկ ի չիք է դառնում:
«Թուրք-իսրայելական ճգնաժամից հետո դժվար է պատկերացնել, թե ինչպես է հրեական լոբբին ԱՄՆ-ում պահելու Թուրքիայի շահերը: Իսկ վերոհիշյալ բոլոր հարցերում Թուրքիան,առանց հրեաների օգնության, բարդ լուծելի կամ գրեթե անլուծելի խնդիրների կբախվի»,-գրում է Բիրանդը:

No comments: