Thursday, November 25, 2010

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԾՈՒՂԱԿ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՐ

«Լրագիր» 25-11-2010- Այնպիսի զգացողություն է, թե Հայաստանին աննկատ հրում են Ռուսաստանի գիրկը, որպեսզի Մոսկվային ստիպեն, ինչպես հարավօսական պատերազմի ժամանակ, միջամտել ղարաբաղյան հակամարտությանը, եվ հետո վերջնական դուրս մղեն Հարավային Կովկասից:
Պատահական չէր STRATFOR կենտրոնի գլխավոր տնօրեն Ջորջ Ֆրիդմանի հայտարարությունն այն մասին, որ հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի համար գլխավորը պետք է լինի ոչ թե ղարաբաղյան կարգավորումը, այլ Հայաստանից ռուսական բազայի դուրս բերումը:
Այս խնդիրը, որ ներկայում թվում է ուտոպիական, կարող է լուծվել, եթե ռուսաստանն իսկապես միջամտի ղարաբաղյան հակամարտությանը: Այդ խնդիրը լուծեց Վրաստանը, հասնելով ռուսական բազայի դուրս բերմանը, թեեւ դրա համար ստիպված էր դառնալ Ռուսաստանի թշնամին:

Արդեն ակնհայտ է, որ ԱՄՆ եւ Ֆրանսիան, հրաժարվելով ակտիվությունից եւ Մոսկվային զիջելով ղարաբաղյան կարգավորման նախաձեռնությունը, Ռուսաստանին թողել են “խղից դուրս” վիճակում: Նման իրավիճակում, ինչպես հայտնի է, գոլը չի հաշվվում: Այդ պատճառով էլ Ռուսաստանին ձեռնտու է ոչ թե խփել, այլ նահանջել:

Սակայն Ռուսաստանը, երեւում է, մտադիր չէ նահանջել եւ ինչպես միշտ կգնա առաջ: Այդ են վկայում ուժգնացած ջանքերը հայ հասարակության վրա կորսված ազդեցությունը վերականգնելու ուղղությամբ` լեզվի մասին օրենքի լոբբինգը, զանազան կազմակերպությունների ստեղծումը Հայաստանում, տարբեր փորձագետների գործուղումները Հայաստան, որոնք վստահեցնում են, թե Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Հայաստանի իրավիճակի համար, մամուլով տարածվող սադրանքները, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանին մոսկվային հավերժական հավատարմության երդումներ պարտադրելը Մոսկվա կատարած ամեն այցից հետո:

Այս ֆոնին չի բացառվում, որ Աստանայի առաջիկա վեհաժողովին Ռուսաստանը կառաջարկի կարգավորման ինչ որ սխեմա, որում առանցքային դերը կվերապահի իրեն: Եւ եթե Արեւմուտքն իսկապես Ռուսաստանի համար նախապատրաստում է ղարաբաղյան ծուղակն Աստանայում, ապա չի դիմակայի դրան, որպեսզի Ռուսաստանը խրվի կարգավորման մեջ:

Չի բացառվում, որ ամեն ինչ կավարտվի հերթական հումանիտար փաստաթղթի ստորագրմամբ, ինչպես Աստրախանի համաձայնագիրը, ըստ որի Հայաստանը եւ Ադրբեջանը փոխանակեցին զոհվածների աճյուններն ու գերիներին: Հնարավոր է, այս անգամ կլինի համաձայնագիր դիպուկահարներին հետ քաշելու վերաբերյալ:Սակայն Ռուսաստանը Ռուսաստան չէր լինի, եթե չփորձի զորք մտցնել Ղարաբաղ: Հնարավոր է, հենց նման բովանդակությամբ համաձայնագիր ստորագրելու հեռանկարից զգուշանալով էլ Սերժ Սարգսյանը չի մեկնի Աստանա, ինչը չեն բացառում նաեւ նրա կուսակիցները:

No comments: