Thursday, December 2, 2010

Թաթուլ Հակոբյան."Ավելի քան երրբեւէ մեծացել է պատերազմի վտանգը"

"Մենք կարող ենք ասել, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում սա եզակի դեպքերից մեկն է, երբ ԵԱՀԿ գագաթաժողովում, երբ Մինսկի խումբը գործում է հենց ԵԱՀԿ շրջանակներում, մեկ տեղում են լինում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, բայց նրանք չեն հանդիպում: Դա ինքնին մտահոգիչ է: Ճիշտ է` նախորդ հանդիպումներն էլ կարգավորման գործընթացում շատ մեծ դեր չեն խաղացել, սակայն քանի դեռ բանակցությունները շարունակվել են, քանի դեռ նախագահների մակարդակով հանդիպումներ եղել են, միշտ էլ Ադրբեջանն ասել է, որ հնարավոր է հարցը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն լսելով Ալիեւի վերջին շրջանի ելույթները` տպավորություն է ստեղծվում, որ իրոք Ադրբեջանը հույսը կտրել է, որ բանակցային գործընթացով կարող է հասնել հաջողության եւ արդեն լրջորեն պատրաստվում է պատերազմի: Իհարկե, ես հիմա չեմ ասում, որ վաղը կամ մեկ տարի հետո կսկսվի պատերազմը, բայց եթե մեկ երկու տարի առաջ պատերազմի վերսկսման հավանականությունը 5 տոկոս էր, այսօր 20-50 տոկոս, այսինքն 1994 թվականի հրադադարից հետո առավել քան երբեւէ մեծացել է պատերազմի հավանականությունը",- մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը` Report.am-ի հետ զրույցում ասաց "Սիվիլիթաս" հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի խոսքում հնչեցված`" Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրու¬թյուն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե" մտքին, փորձագետն ասաց, որ Հայաստանի որեւէ նախագահ այլ բան չէր կարող ասել, որովհետեւ եթե իրոք Ադրբեջանը դիմի ռազմական գործողությունների, Հայաստանին այլ բան չի մնալու, քան նույն կերպ պատասխանելը եւ իհարկե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե: "Թե սա ինչ կբերի միջազգային տեսակետից, դժվարանում եմ ասել, բայց կարող եմ կռահել, որ կարող է աշխարհը դատապարտի Հայաստանի այս քայլը, բայց Հայաստանն իր հերթին, բանակցությունների մեջ մտնելով Ադրբեջանի հետ, միշտ էլ բաց է թողել ճանաչումը` համարելով, որ դա վերջին քայլն է: Եվ եթե Ադբեջանը հույսը դնում է պատերազի վրա, ապա Հայաստանին այլ բան չի մնա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս ամենի մեջ մտահոգիչն այն է, որ ավելի քան երբեւէ մեծացել է պատերազմի վտանգը":

No comments: