Friday, December 3, 2010

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ «ԲԱԺԱՆՎԵԼՈՒՑ», ԻՍԿ ԱԼԻԵՎԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՑ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ԻՐԱՆԻՆ

«ԱԶԳ», 03-12-2010- Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ թեեւ նորություններ առանձնակի չստացվեցին WikiLeaks կայքէջի հրապարակած դիվանագիտական հաղորդագրություններից, այդուհանդերձ, ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում բավականին ակտիվորեն անդրադառնում են այդ փաստաթղթերին ու դրանցում արտահայտված գնահատականներին, հատկապես Ալիեւ կրտսերի հեղինակությամբ:
Թեեւ երկու երկրներում էլ քննարկվում են նույն փաստաթղթերը, այդ քննարկումների տեսանկյունները տրամագծորեն հակառակն են: Եթե Ադրբեջանում փորձում են հավաստել, թե ադրբեջանա-թուրքական հարաբերություններում ոչինչ չի փոխվել, ապա Թուրքիայում հստակորեն փորձում են հասկացնել, որ Ալիեւի տված գնահատականները հարուցել են որոշ շրջանակների դժգոհությունն ու կարող են բերել կտրուկ ձեւափոխությունների:
Մասնավորապես, թուրքական «Հյուրիեթ»-ը գրում է, որ Թուրքիայի հասցեին ուղղված Ալիեւի հայտարարությունները ամենայն հավանականությամբ «պակաս մտերմիկ» կդարձնեն երկու երկրների հարաբերությունները, քանի որ Ալիեւը, ստացվում է, վստահություն չունի Թուրքիայի հանդեպ, ավելին, փորձել է էներգետիկ հարցերը շահարկել Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը խոչընդոտելու համար:
Թուրքական որոշ բարձրաստիճան անձանց հանդեպ Ալիեւի անբարյացակամությունն ու ընդհանրապես հայ-թուրքական գործընթացին դեմ լինելու հարցերի բացատրությունները, ըստ պարբերականի հրապարակման, գաղտնիք չեն եղել թուրքական իշխանությունների եւ դիվանագիտության համար, սակայն մեկ բան է ուղղակի դա իմանալ, մեկ այլ բան, երբ Ալիեւն իր անբարյացակամության մասին խոսում է այլ երկրների ներկայացուցիչների հետ:
Միեւնույն ժամանակ, թուրքական պարբերականը նշում է, որ գաղտանզերծված հաղորդագրությունների համաձայնՙ հստակ է, որ հայ-թուրքական հարաբերություններում նախապայմաններ, առանց Ադրբեջանի դժկամության էլ, առաջացրել է հենց Թուրքիան: Թեեւ, այս հարցում էլ հրապարակման հեղինակները վերապահում են անում, թե հստակ չէ` այդ նախապայմաններն առաջադրվել են Ալիեւի բացասական վերաբերմունքի պատճառո՞վ, թե՞ առանց դրա: Սրա կողքին ամերիկյան դիվանագետներից մեկն իր տեղեկություններում նշում է, որ թուրքական իշխանություններին հստակորեն հասկացվել է, որ Միացյալ Նահանգները չի պաշտպանում որեւէ նախապայմանի առաջ քաշումը:
Թուրքական պարբերականի մեկ այլ հրապարակում էլ անդրադառնում է նույն հարցին` «Դաշնակիցների գինը» վերտառությամբ: Այս նյութում նշվում է, թե Ռուսաստանը, Չինաստանը եւ Թուրքիան ամերիկյան դիվանագետների փաստաթղթերի գաղտնազերծումից հետո պետք է մեկ հարցի պատասխանեն, թե ի՞նչ գին պետք է վճարել այնպիսի դաշնակիցների համար, որոնց մասին ոչ հաճելի տեղեկություններ կան WikiLeaks-ում:
Թուրքիայի պարագայում հարցերի մի շարք են առաջացրել Ալիեւ կրտսերի հայտարարությունների գաղտնազերծումները: Մասնավորապես, Թուրքիան պետք է կարողանա պատասխանել, թե ինչպես վարվել ամենամոտ դաշնակից Ադրբեջանի հետ, երբ վերջինս թշնամաբար է տրամադրված Իրանի հանդեպ այն դեպքում, երբ Թուրքիան փորձում է սերտացնել հարաբերություններն այդ երկրի հետ: Միեւնույն ժամանակ, բախումներ են տեղի ունենում շփման գծում, ինչը արդյո՞ք վերագնահատման տեղիք տվել է Թուրքիայում, երբ վերջինս մասնակից էր դառնում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին:
Առավել հետաքրքրական է, որ թուրքական հրապարակումներում հարց է բարձրացվում, որ ռազմական գործողություններ Ադրբեջանի կողմից սկսվելու դեպքում Թուրքիան պետք է կանգնի իր դաշնակցի կողքին այն դեպքում, երբ աշխարհը կդատապարտի դա: Դա էլ, իր հերթին, կվտանգի Թուրքիայի ապագա շահերից կարեւորագույններից մեկը` «Նաբբուկոյի» նախագիծը այն դեպքում, երբ Ադրբեջանն իր էներգետիկ շահերը վեր է դասել թուրքական բարեկամությունից:
«Արդյո՞ք Անկարան պետք է բաժանվի Բաքվից: Եվ արդյո՞ք կարող է», հարցադրում է անում «Հյուրիեթը»: Մինչդեռ Ադրբեջանում փորձում են իրենք իրենց եւ թերեւս թուրքական կողմին հավաստիացնել, թե գաղտնազերծված գնահատականները չեն ազդի երկկողմ հարաբերությունների վրա: Բաքվից, ի հակադրություն Թուրքիայից հնչող քննադատության ու ակնհայտ դժգոհությունների, փորձում են հավաստիացնել, թե ոչ մի հրապարակում չի կարող ազդել «եղբայրական» հարաբերությունների վրա: Ավելին, Բաքվում նախագահի գրասենյակի ինչ-որ չինովնիկներ փորձում են WikiLeaks-ի հրապարակումներում մեղադրել ինչ-որ կողմերի, որոնց իբր ձեռնտու չեն ադրբեջանա-թուրքական հարաբերություններն այն դեպքում, երբ այս հարաբերությունների առնչությամբ բացասական է արտահայտվել հենց Ադրբեջանի նախագահը: Ձեռքի հետ ադրբեջանական նախագահական գրասենյակից փորձել են հարթել նաեւ ադրբեջանա-իրանական հարաբերությունների հնարավոր վատթարացումը` Ալիեւի իրանական գնահատականները մեղմացնելու հույսով:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: