Friday, December 3, 2010

ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԸ ՎԵՐՍՏԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ՕԳՏԻՆ

Թուրքիայի վրա գործադրվող միջազգային ճնշումները ըստ երեւույթին այլընտրանք չեն թողել նրան
Երեկ Աստանայում ավարտվեցին ԵԱՀԿ գագաթաժողովի աշխատանքները: Հակառակ Հայաստանում արված չարաբաստիկ կանխագուշակումներին, գագաթաժողովը «ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բեկումնային որոշումներ» չընդունեց: Այնտեղ նույնիսկ չկայացավ ՀՀ նախագահի ենթադրվող հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ: Ավելին, Իլհամը թերավարժ աճպարարի հուզականությամբ այս անգամ էլ Աստանայում խռովեց եւ լքեց գագաթաժողովը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին , որը գագաթաժողովում հանդես եկավ եզրափակիչ ելույթով, ապա նա ընդամենը ընդգծեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եղանակով կարգավորման» անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու կոչ արեց ինչպես կողմերին, այնպես էլ ԵԱՀԿ անդամ երկրներին:
Այսինքնՙ չարաբաստիկ կանխագուշակումներ անող հայ թափթփուկների եւ ադրբեջանցի հրոսակի ակնկալիքների առումով միանգամայն անբովանդակ էր նաեւ նախագահ Գյուլի ելույթը: Ելույթում Գյուլն ըստ երեւույթին զերծ է մնացել Հայաստանի հետ նորմալացման գործընթացին անդրադառնալու գայթակղությունից, քանի որ թուրքական լրատվամիջոցներն այդ մասին լռում են:
Սակայն նա դեկտեմբերի 1-ինՙ գագաթաժողովի բացման օրը, լրագրողներին պատմել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ ունեցած հանդիպման մասին: Դրա առնչությամբ Գյուլն ասել էր, որ Մեդվեդեւի հետ առաջնահերթ նշանակությամբ քննարկել են Կովկասի կայունությանն առնչվող խնդիրները եւ ընդգծել էր Ռուսաստանի առանցքային դերը հակամարտությունների կարգավորման գործում: Նախագահ Գյուլը նշել էր Մեդվեդեւի պաշտոնավարման տարիներին Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հանդիպումների ակտիվացումը, ավելացնելով, որ անկախ Մինսկի խմբի գործունեությունից սկսել են հետզհետե որոշիչ դառնալ ՌԴ նախագահի հովանավորությամբ կազմակերպվող հանդիպումները:
Այնուհետեւ Աբդուլլահ Գյուլը շարունակել էր. «Մենք այս հարցերի շուրջը միմյանց հետ հեռախոսով հաճախակի խորհրդակցում ենք: Թուրքիային, Հայաստանին եւ Ադրբեջանին հետաքրքրող այս հարցը (Լեռնային Ղարաբաղի), հուզում է նաեւ ինձ: Դա անպայման պետք է հաղթահարվի, որ տարածաշրջանը ձերբազատվի այս հիմնահարցից: Ներկա իրավիճակը չի նպաստում Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի շահերին»:
Թուրք լրագրողների ներկայությամբ, ինչպես Նյու Յորքի թուրքական կայքէջն է վկայում, նախագահ Գյուլը Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացի առնչությամբ ասել է. «Դեռեւս ոչ մի բան մահացած չէ: Մենք վճռական ենք: Պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրելՙ ճշտելու համար, թե այս ամենը ինչպես եւ ինչ եղանակով է կարգավորվելու: Բարդ խնդիրները մեկ հարվածով չեն լուծվում: Հարկ է համառորեն աշխատել, իսկ մենք աշխատում ենք»:
Եթե հիշեցնենք նոյեմբերի 26-ին Բեռնում շվեյցարացի գործընկերոջ հետ մամուլի համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահի «Ղարաբաղը վիճելի տարածք է» խոսքերը, ապա ավելի քան ակնհայտ կդառնա ինչպես պնակալեզ հայ թափթփուկներին, այնպես էլ ադրբեջանցի հրոսակին, նրա պատճառած հիասթափությունը:
Ակամա հարց է ծագում, ինչո՞ւ Աստանայում Թուրքիայի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունների հարցն արծարծել է հենց թուրք լրագրողների ներկայությամբ: Դրա պատասխանը միանշանակ էՙ Թուրքիայում համապատասխան հասարակական կարծիք ձեւավորելու նկատառումով: Նկատի առնելով հայ-թուրքական հարաբերությունները Բաքվի վերաբերմունքով պայմանավորելու, իսկ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժան մասը համարելու պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, կարելի է ենթադրել, որ միջազգային ճնշումները նախագահ Գյուլին այլընտրանք չեն թողել:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: