Thursday, December 2, 2010

Սպասելը ամենավտանգավոր քայլն է. «Ժառանգությունը» մեկնաբանում է Սերժ Սարգսյանի ելույթը

Tert. Am. 2-12-2010- «Իսկ եթե Ադրբեջանը չշարունակի ագրեսիան, ապա այս դեպքում չե՞նք ընդունի Արցախի անկախությունը։ Ստացվում է, որ մենք սպասում ենք Ադրբեջանի քայլերին, որ նա դիմի ռազմական գործողությունների՞»,– Աստանայում Սերժ Սարգսյանի ելույթին այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ այսօր Աստանայում Սերժ Սարգսյանն ասել էր, որ «Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե»։
Կուսակցության վարչության քարտուղարի կարծիքով՝ սպասելը ամենավտանգավոր քայլերից է։
«Հայաստանն ինքը պետք է որոշի իր քաղաքականությունն, այլ ոչ թե սպասի։ Այսօր մենք կարող ենք լինել մեր հայրենիքի տերը»,– ասաց նա։
Օգտագործելով «ֆուտբոլային» քաղաքականության տերմինները՝ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ «մենք կուչ ենք եկել մեր դարպասում»։ «Մենք ոչ միայն չունենք հարձակվողներ, այլ նաև այդ միջին մասը»,– ասաց նա։
Խոսելով Սերժ Սարգսյանի ընդհանուր ելույթի մասին՝ Հակոբյանը նշեց, որ նա այդ նույն ելույթով պետք է հանդես գար Լիսաբոնում՝ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ժամանակ։
«Ելույթը գործնական քայլ չէ, այն կարծիք է»,– ասաց «Ժառանգության ներկայացուցիչը»։
Ըստ նրա՝ ղարաբաղյան հակամարտության խնդիրը պետք է տեղափոխել իրավական դաշտ և «խոսել փաստաթղթերով»։

No comments: