Thursday, December 2, 2010

«Թուրքական մամուլի համար Հայկական հարցը տաբու է». Լրագրողներ առանց սահմանների

HayNews.am. 2-12-2010- «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն (RSF) իր զեկույցում Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության մակարդակը որակել է որպես «աղետալի»: Այս մասին հայտնում է քրդական Firat գործակալությունը:
«Մամուլի նկատմամբ հետաքննությունները և լրագրողների դատավարություններն ահռելի չափով աճում են»,-նշված է Թուրքիայի վերաբերյալ զեկույցում:
«Լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ գրաքննության մի իրական համակարգ է գործում: Հայկական և քրդական հարցերը, բանակը, Աթաթուրքը տաբու են»,-նշվում է զեկույցում:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիշեցնում է նաև նոյեմբերի 9-ին Եվրահանձնաժողովի կողմից ևս Թուրքիան քննադատության է ենթարկվել՝ խոսքի ազատության ցածր մակարդակի համար:
Միևնույն ժամանակ հերթական քննադատությանն է ենթարկվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում 2005 թ.-ին ընդունված 301-րդ հոդվածը պատիժ է նախատեսում Թուրքիան, թուրք ազգությունը կամ թուրքական կառավարական կառույցները վարկաբեկելու համար: Սույն հոդվածով դատապարտվել է նաև «Ակօսի» սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը:
Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ հոկտեմբերի 20-ին հրապարակած խոսքի ազատության ցուցանիշով Թուրքիան աշխարհի 178 երկրների շարքում զաղեցնում է 138-րդ տեղը:

No comments: