Wednesday, January 26, 2011

Թուրք զինվորականները ծրագրում էին սպանել պոլսահայ 4 հայտնի գործիչների

HayNews.am. 25-1-2011- 2003 թվականին Թուրքիայում նախապատրաստված «Մեծ մուրճ» հեղաշրջման վերաբերյալ նոր փաստաթղթեր են հրապարակվել, որոնցից հայտնի է դառնում, որ ծրագրվում էին մի շարք հայ գործիչների սպանություններ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Մասնավորապես, փաստաթղթում նշված է 34 սպայի և ենթասպայի անուն, որոնք կազմում էին «մահվան խումբը» և պատասխանատու էին մի շարք սպանությունների համար: Սպանությունները դասակարգված էին, իսկ զոհերն ընդգրկված էին տարբեր խմբերի մեջ:
Այսպես, «մորուք» անունով խմբում ընդգրկված էին Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանը, Հունաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսը, Թուրքիայի կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Մարովիչը: «Մանգաղում» տեղ էին գտել «Ակօսի» ներկայիս խմբագրապետ Էթյեն Մահչուփյանը, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանը, ինչպես նաև «Ակօսի» նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը, ով սպանվել էր ավելի ուշ:
Միևնույն ժամանակ բացեիբաց նշված էին այս կամ այն սպանության համար պատասխանատու զինծառայողների անունները:
Առանձին խմբերում տեղ են գտել նաև մի շարք աջակողմյան և ձախակողմյան լրագրողների անունները, որոնք նույնպես պետք է «չեզոքացվեին»:
Հիշեցնենք, որ Taraf թերթի կողմից հունվար ամսին լույս տեսավ մի հոդված, որում մանրամասնորեն նկարագրվում էր Թուրքիայի զինված ուժերի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 2003 թվականին կազմված «Մեծ մուրճ» (Balyoz) հեղաշրջման ծրագիրը: Այն նախատեսում էր երկու մզկիթների պայթեցում, Հունաստանի հետ ձևական պատերազմ, մի շարք դիվերսիոն գործողություններ, մեծածավալ ձերբակալություններ, սպանություններ, ինչը խուճապ կծներ Թուրքիայում, և հեղաշրջման կազմակերպիչներն իրենց ձեռքը կվերցնեին իշխանությունը, որն անցել էր ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:

No comments: