Thursday, January 27, 2011

Նիկոլայ Բորդյուժա. ՀԱՊԿ-ի «Երկնագույն սաղավարտներն» արդեն ձեւավորված են

News.am. 27-1-2011- ՀԱՊԿ «Երկնագույն սաղավարտները» ձեւավորված են եւ մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինեն պրակտիկ պլանների կիրառմանը: Այս մասին հունվարի 26-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Հավաքական խաղաղապահ ուժերի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը վավերացվել է բոլոր անդամ երկրների կողմից եւ հաստատվել դրանց որակական եւ քանակական կազմը: Այդ ուժերի կազմում կլինեն շուրջ 3500 զինծառայողներ եւ իրավապահ մարմինների ավելի քան 500 աշխատակիցներ»,- ասել է Բորդյուժան:
Նրա խոսքով, դրա արդյունքում ստեղծվել է «ճգնաժամային արձագանքման խումբ», որոշվել են ՀԱՊԿ-ի քայլերն ու հնարավորությունները « ցանկացած տարածաշրջանում ստեղծված իրավիճակին օպերատիվ եւ արդյունավետ արձագանքելու» մասով: Բորդյուժայի ներկայացմամբ, համակարգն արդեն ստեղծվել է ամբողջ ծավալով:
Նա նաեւ նշել է, որ 2010-ի ամռանը համապատասխան ուժային կառույցների կողմից կանխվել է տասնյակ ծայրահեղական կայքերի գործունեությունը, որոնք ազգամիջյան թշնամանք ու պառակտում են հրահրել:
«2011-ին մենք կանցկացնենք ուսումնական վարժանքներ խաղաղապահ ուժերի օգտագործմամբ ինչպես ՀԱՊԿ տարածքում, այնպես էլ՝ դրանից դուրս»,- ընդգծել է Բորդյուժան:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

No comments: