Wednesday, January 26, 2011

Գ.Մինասյան. «Պատերազմի հավանականությունը նվազ է, բայց դեռ զրոյի չի հասել»

Panorama.am. 26-1-2011- «Որքան մենք պատրաստ լինենք պատերազմի, այնքան դրա հավանականությունը նվազ է»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը ու ավելացրեց, որ այդ իմաստով Հայաստանն անում է քայլեր, որոնք կապված են թե մեր ներքին ռեսուրսների օգտագործման, և թե մեր միջազգային պարտավորությունների օգտագործման հետ, որպեսզի հրադադարը վերածվի վերջնական խաղաղության:

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ մասնավորապես վերջին պայմանավորվածությունները ստրատեգիական գործընկերների հետ` ՀԱՊԿ-ի շրջանակում, Հայաստանին թույլ են տալիս ավելի վստահությամբ նայել ապագային, սակայն. «Երբեք չպետք է մեզ ներշնչենք այն գաղափարը, որ պատերազմի վերսկսումն անհնար է` դրա հնարավորությունը միշտ կա ու թեպետ հավանականությունը գնալով նվազում է, այն դեռ զրոյի չի հասել»,- հավելեց Գ.Մինասյանը:

Անդրադառնալով շփման գծում հրադադարի խախտման դեպքերին, հատկապես որ վերջին շրջանում էլ դրանք առկա են, ապա, ըստ ՀՀԿ-ականի, հայկական կողմը միշտ պետք է պատրաստ լինի ցանկացած այդ կարգի սադրանքի պատասխան տալու, ընդ որում այնպիսի պատասխան, որ դրան գնացած ադրբեջանական կողմը մյուս անգամ շատ ավելի խորը մտածի ` արժե՞ գնալ դրան.
«Այլ կերպ և այլ լեզու ադրբեջանցիները, ցավոք, չեն հասկանում»,- շեշտեց նա:

Իհարկե, ընդգծեց բանախոսը, Ադրբեջանին ձեռնտու է միջազգային հանրությանը ներկայացնել, թե հակամարտությունը սառեցված չի և գտնվում է իր ննջող փուլի մեջ և որ դա պահանջում է շուտափույտ լուծում: Սակայն որքան պարզ է ադրբեջանական կողմի քաղաքականությունը, այնքան էլ ակնհայտ են հայկական կողմի քայլերը դրանց, ու հատկապես այս պարագայում չպետք է մեզ տրամադրենք, կարծես պատերազմ այլևս երբեք չի սկսվի:

No comments: