ցեղասպանության տարելիցը՝ ապրիլի 24-ը: Երբ Կրեմլի համագումարների պալատում կազմակերպվում են Տաշիր կամ Արմենիա երաժշտական մրցանակաբաշխությունները, մի քանի հազար տեղանոց դահլիճում պարզապես ասեղ գցելու տեղ չի լինում: Մոսկվայի հրապարակներից մեկում կազմակերպված հիշատակի հավաքին մասնակցում էր երեւի թե 500-ից էլ պակաս մարդ: Մինչդեռ Մոսկվայի հայ համայնքը ներկայում հանդիսանում է ամենաբազմամարդ համայնքներից մեկը աշխարհում: Մոսկվայում, ըստ տարբեր գնահատականների, ապրում է մի քանի հարյուր հազարից մինչեւ նույնիսկ մեկ միլիոն հայ: Այդ իմաստով, Մոսկվան արդեն գրեթե կարող է մրցակցել Լոս Անջելեսի եւ Փարիզի հետ: Մինչդեռ կարելի է համեմատել այդ քաղաքներում եւ Մոսկվայում տեղի ունեցած հիշատակի հավաքների բազմամարդությունը: Ռուսաստանի հայ համայնքի պարագան իսկապես հետաքրքրական է: Այդ համայնքի քաղաքական արդյունավետությունը գրեթե զրոյական է: Ինչ խոսք, ներկայում բավական բանավիճելի հարց է նաեւ արեւմտյան սփյուռքի համայնքների քաղաքական արդյունավետության խնդիրը, եւ այդ տեսանկյունից հայկական սփյուռքը ընդհանրապես ունի այսպես ասած արդիականացման լուրջ խնդիր: Դրանով, ի դեպ, պետք է զբաղվի Հայաստանը որպես պետություն, որովհետեւ սփյուռքը առաջին հերթին այդ պետության կարեւորագույն գործիքներից մեկը պետք է լինի ազգերի համաշխարհային մրցակցության պայմաններում: Այդուհանդերձ, արեւմտյան սփյուռքահայ համայնքների պարագայում կա ազգային քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն, կան ինստիտուտներ, կան ավանդույթներ: Ռուսաստանի հայկական համայնքի պարագայում այդ ամենը կարծես թե չկա, ու չի էլ պատրաստվում լինել: Այսինքն չկա մեկը, կամ մարդկանց մի խումբ, որն արտահայտի այդօրինակ ցանկություն եւ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները աչքի են ընկնում բացառապես ընդգծված տնտեսական գործունեությամբ, երբեմն դրանով բարեգործություններ անում Ռուսաստանում եւ Հայաստանում: Եվ եթե անգամ դրա հիմնական նպատակը ոչ թե Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների հետ լավ հարաբերություն հաստատելու միջոցով անձնական, այլ ազգային խնդիրների լուծումն է, այդուհանդերձ ակնհայտ է, որ այդ միջոցը այդ խնդիրների լուծման անարդյունավետ տարբերակ է: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի ամբողջատիրական կառուցվածքն ու մթնոլորտը տեղի հայկական բիզնեսին հասկանալիորեն թույլ չեն տալիս դառնալ քաղաքական գործոն եւ ձեւավորել Կրեմլի քաղաքականությունից տարբեր քաղաքական ուղեգիծ: Կրեմլի քաղաքական տրամադրությունների ուղեգծից շեղվելու, կամ դրանում փոփոխություններ մտցնելու ջանքերի համար փող է պետք եւ պետք է գնալ որոշակի ռիսկերի: Դժվար է ասել, փողի, թե համարձակության բացակայությունն է պատճառը, բայց մոսկվահայ համայնքի կապիտալիստներն իրենց կապիտալը չեն դնում այդ նպատակի սպասարկմանը: Չափազանց ցածր է նաեւ համայնքի հասարակական ակտիվությունը, թերեւս դրա ցանկության եւ բավական ինքնագիտակցության բացակայության պատճառով: Մոսկվահայ կամ ռուսաստանահայ համայնքին առաջին հերթին հետաքրքրում է շոուն եւ բիզնեսը, զրո քաղաքականությամբ: Այդ իսկ պատճառով Կրեմլի համագումարների պալատը լցվում է հերթական շոուի համար, իսկ քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ որեւէ մեկը չունի: Այդ իսկ պատճառով Մոսկվահայ համայնքում տարածվում են գլամուրային ամսագրեր, սակայն այդպես էլ չի ձեւավորվել օրինակ որեւէ լուրջ հայկական լրատվամիջոց: Իսկ համայնքի կշռի մասին է խոսում նաեւ թերեւս այն, որ ապրիլի 24-ի հավաքին ՌԴ քաղաքական իստեբլիշմենտից մասնակցում է միայն “թագավորական ծաղրածուի” առաքելություն ունեցող Ժիրինովսկին, եւ չկան ոչ միայն այլ ռուսաստանցի քաղաքական գործիչներ՝ երեւի ադրբեջանական համայնքը կնեղանա, այլ նույնիսկ այսպես ասած հայազգի երեւելի գործիչներն ու քաղաքագետները, որոնք առաջին դիրքերում են հայ-ռուսական բարեկամության շոուների ժամանակ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Thursday, April 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment