Monday, February 7, 2011

Սոցիոլոգ. Ղարաբաղի գործոնը չի կարող օգնել Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ քաղաքականություն

News.am. 6-2-2011- Ռեսուրսը, որով Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության, այլեւս այնքան կարեւոր չէ եւ նրան չի կարող օգնել քաղաքականություն վերադառնալ, փետրվարի 5-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը՝ որպես այդ ռեսուրս ակնարկելով Ղարաբաղի գործոնը։ «Հայաստանի երկրորդ նախագահն իշխանության եկավ իբրեւ արցախյան գոյամարտի առաջամարտիկներից մեկը։ Այն ժամանակ դա կարեւորագույն հանգամանք էր։ Սակայն ներկայումս Ղարաբաղի խնդիրը մղվել է 3-րդական, 4-րդական պլան, ինչով պայմանավորված՝ այդ գործոնը Քոչարյանին այլեւս չի օգնի»,- նկատեց Ադիբեկյանը։ Լրագրողներից մեկի հարցին, թե նրա՝ քաղաքականություն վերադառնալուն որքանո՞վ կարող է խոչընդոտել մարտի 1-ի գործոնը, սոցիոլոգը հռետորական հարց հնչեցրեց. «Նախ պետք է պարզել՝ մարտի 1-ի իրադարձությունների մեջ ո՞վ էր մեղավոր՝ Քոչարյանը, թե Փաշինյանը, կրակողը, թե կրակվողը»։ Վերջում Ադիբեկյանը նաեւ նշեց, որ ըստ վերջին հարցումների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը 2,5 տոկոս է: Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Երեւանում տեղի ունեցան բազմահազարոց հանրահավաքներ, որոնք իշխանություննները ցրեցին հրազեն կիրառելով: Այդ դեպքերի ժամանակ զոհվեց 10 անմեղ ցուցարար, որից հետո Երեւանում 20 օրով արտակարգ դրություն հայտարարվեց: Բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ ձերբակալվեցին, որոցից 9-ը մինչ օրս անազատության մեջ են:

No comments: