Wednesday, February 23, 2011

Թուրքիան կոչ է արել ԵԱՀԿ ՄԽ-ին արագ լուծում գտնել ԼՂ հակամարտության համար

Diplomat.am. 23-2-2011- «ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող բոլոր ուժերը պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Կիլիջը: Դիվանագետի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է կտրականապես և արագ լուծեն ԼՂ հակամարտությունը` ասել է թե մարդկանց համբերությունն արդեն հատել է:
«ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների նախաձեռնությամբ 2009 թ. վերջին ԵԱՀԿ Մինսկի խումբը կարգավորման շուրջ նոր առաջարկներ էր պատրաստել և Ադրբեջանը ընդունել էր այդ փաստաթուղթը: Թեև Թուրքիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրասնիան համաձայնություն էին տվել փաստաթղթի ընդունմանը` Հայաստանը, զբաղեցնելով ոչ կառուցողական դիրք, մի կողմ էր քաշվել: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ անարդարություն կա: Այդ անարդարությունն արտացոլված է նույնիսկ ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերում», - հայտարարել է Կիլիջը:
Դեսպանը նշել է, որ հակամարտությամբ զբաղվող բոլոր փորձառու դիվանագետները պետք է հնարավորինս արագ լուծեն այն: «Այլապես մեծ վտանգ է սպառնում»,- ընդգծել է նա: Նրա խոսքերով, Թուրքիան ցանկանում է խաղաղություն հաստատել տարածաշրջանում` այդ թվում նաև Հարավային Կովկասում. – «Մենք ցանկանում ենք ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, այլ նաև տարածաշրջանի մյուս պետությունների հետ լավ հարաբերությունների ստեղծում: Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանները միայն ադրբեջանական հողերի ազատագրումից հետո: Համաշխարհային հանրությունը պետք է նպաստի այն բանին, որպեսզի միջազգային իրավունքը հաղթանակ տոնի»:
Կիլիջը հավելել է, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա. «Դա միշտ էլ կարևոր է եղել Ադրբեջանի և Թուրքիայի համար», - ընդգծել է նա:

No comments: