Wednesday, February 23, 2011

Ադրբեջանը սուլթանական երկիր է. Իրանցի փորձագետ

Panorama.am. 23-2-2011- Ադրբեջանը սուլթանական երկիր է, այնտեղ իշխանությունը ժառանգաբար անցնում է հորից որդուն, ինչպես Իրանում էր Շահի օրոք:
Այդ մասին իրանական «ղաֆղազ.իռ» կայքի հաղորդմամբ`լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Նասեր Համռանգը
Իրանի Մեջլիսի պատգամավոր Ջավադ Սաբուրն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի Հանրապետության միջնակարգ դպրոցներում հեջաբի արգելումը հակասում է այդ երկրի սահմանադրությանը և մի դաժանություն է, որը կիրառվում է բնակչության 80 տոկոսի իրավունքի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Իրանի Մեջլիսի մի շարք պատգամավորներ վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ հաճախակի հանդես են գալիս խիստ քննադատական հայտարարություններով:
Վերջերս իրանական «Արան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանի Մեջլիսի պատգամավոր Ղեֆար Էսմայիլին նշել էր, որ Ադրբեջանի կառավարությունը, եթե շարունակի հեջաբի արգելման քաղաքականությունը, ապա նույն ճակատագրին կարժանանա, ինչին ժամանակին Իրանի Ռեզա Շահն արժանացավ:
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Հոսեյն Էբրահիմին, խիստ քննադատելով Ադրբեջանի ղեկավարությանը, նշել էր. «Ադրբեջանի նման երկրները մեծ սխալ են գործում, երբ հաշվի չեն նստում ժողովրդի կարծիքի հետ, իսկ ժողովուրդն էլ չի զգում պետական աջակցություն: Նմանատիպ երկրները վաղ թե ուշ կործանվում են, ինչպես կատարվեց Թունիսի պարագայում»:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունն էլ իր վերլուծականում նշել էր. «Ադրբեջանում սուլթանական իշխանություն է, իշխանությունը փոխանցվել է հորից որդուն: Այդ երկրում անվտանգության համակարգը հանդիսանում է իշխանության երկաթյա բռունցքը, իսկ զինվորականները քաղաքականության իրականացման հիմնական կատարողներն են»:

No comments: