Thursday, February 24, 2011

ԱՌԱՋԻԿԱ ՀՈՒՆԻՍԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԵՋԼԻՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

Քաղաքական կուսակցությունները լուսարձակի տակ են վերցրել թուրքահայ համայնքի ներկայացուցիչներին
«ԱԶԳ», 24-02-2011- Խորհրդարանական ընտրությունները յուրաքանչյուր երկրում ներքաղաքական կյանքի աշխուժացման պատճառ են դառնում: Առաջիկա հունիսին Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի համընդհանուր ընտրություններն են: Երկրի ներքաղաքական կյանքի հետ աշխուժացել է նաեւ թուրքահայ համայնքը: Դա, ինչպես երեկվա համարում նշում է «Զամանը», պայմանավորված է ոչ միայն ընտրություններով, այլեւ համայնքի անդամների նկատմամբ թուրքական քաղաքական կուսակցությունների հարաճուն հետաքրքրությամբ, ինչպես նաեւ առաջադրվելու դեպքում նրանց որպես պատգամավոր խորհրդարան մուտք գործելու հավանականությամբ:
Համարելով թուրքահայերին Թուրքիայի խոշորագույն համայնքը ազգային փոքրամասնությունների մեջ, «Զամանը» նշում է, որ բոլոր կուսակցությունները ուշադրության կենտրոնում են պահում համայնքի անդամներին, մասնավորապես, վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը հետաքրքրվում է Մելքոն Կարաքյոսեով, Թադեոս Բեբեքով, «Թարաֆ» թերթի հեղինակ Մարգար Եսայանով, Ջերի Խրիմյանով եւ Կ. Պոլսո Սբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուով: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, ըստ թերթի, տեսադաշտում է պահում Արեւ Ջեբեջիին, իսկ «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությունըՙ «Ազգայնական շարժում» կուսակցությունը Գեղամ Կարապետյանին:
Ձախակողմյան կուսակցությունները բանակցություններ են վարում Հայկո Բաղդադի հետ, որ ընդհանուր թեկնածու առաջադրեն քրդերի «Ժողովրդավարություն եւ խաղաղություն» կուսակցության հետ: Ինքըՙ Հայկոն հաստատել է բանակցությունների մասին շրջանառվող լուրերը, իսկ քրդական կուսակցությունըՙ հավանություն է տվել առաջադրված թեկնածուին: Եթե կուսակցություններն ու առաջադրվող թեկնածուները ընդհանուր հայտարարի գան, ապա, ինչպես «Զամանն» է նշում, 45 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի ազգային մեծ ժողովը վերստին հայ պատգամավորներ կունենա:

No comments: