Thursday, February 24, 2011

Ռուսաստանին զայրացնում են էներգետիկայի բնագավառում Ադրբեջանի ուղղակի կապերը Արևմուտքի հետ. Wikileaks

Tert.am. 24-2-2011- Wikileaks-ը հերթական բացահայտումն է կատարել՝ այս անգամ Ադրբեջանի իշխող վարչակարգում տիրող տրամադրությունների վերաբերյալ: Rusrep.ru կայքը մանրամասներ է հրապարակել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսի (Anne Derse)` Պետդեպի հետ ունեցած գրագրություններից: Դերսին Բաքվում որպես ԱՄՆ դեսպան պաշտոնավարել է 2006-2009 թթ.:
Ըստ բացահայտումների՝ ԱՄՆ դեսպանը գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գիտակցում է, որ «Ռուսաստանն օրինական հետաքրքրություններ ունի Ադրբեջանում՝ դա էներգիան է, ճանապարհը դեպի Իրան և Մերձավոր Արևելք, Հյուսիս-հարավ միջանցքը, Վրաստանի և հյուսիսային Կովկասի հետ հարևանությունը, Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը։ Ինքը՝ Ալիևը, դաստիարակվել և կրթություն է ստացել Մոսկվայում, այնտեղ նա ազգականեր ունի, և նա կարող է ավելի մերձենալ Մոսկվայի հետ, եթե Արևմուտքը ակտիվորեն չսկսի սիրաշահել նրան»։
Ռուսաստանը լռում է, երբ է Ադրբեջանը զինվորներ է ուղարկում Աֆղանստան կամ իր տարածքը տրամադրում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի մատակարարումների համար։ «Սակայն Կրեմլը թույլ չի տա, որ Ադրբեջանում ամերիկյան ռազմաբազա տեղակայվի կամ Ադրբեջանը մտնի ՆԱՏՕ։ Ռուսաստանի համար նաև անընդունելի է ուղղակի քաղաքական կամ ռազմական աջակցությունը Վրաստանին… Ռուսաստանին զայրացնում է էներգետիկայի բնագավառում Ադրբեջանի ուղղակի կապերը Արևմուտքի հետ։ Ռուսները տխրում են, որ 1990-ականներին, երբ իրենք թույլ էին և զբաղված էին չեչենական պատերազմով, չկարողացան խոչընդոտել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծին։ Այժմ նրանք պատրաստվում են թույլ չտալ, որ ադրբեջանական և կասպիական գազի հետ կապված ձախողումը կրկնվի»,- գրել է ԱՄՆ դեսպանը։
Գրագրությունում նաև կարդում ենք. «Բաքվի հայտնի ընտանիքների սերունդները կրթություն են ստացել ռուսական համալսարաններում։ Ադրբեջանական էլիտան հսկայական ֆինանսական հետաքրքրություններ ունի Մոսկվայում։ Ռուսաստանում 800 հազ. ժամանակավոր աշխատող ադրբեջանցի կա, որոնք գումարներ են փոխանցում իրենց ընտանիքներին աղքատ, նավթից հեռու գտնվող շրջաններ։ Եթե Ռուսաստանը վռնդի նրանց կամ բարդացնի գումարի փոխանցման գործընթացը, Ադրբեջանին սարսափելի տնտեսական հարված կհասցվի, որը կհանգեցնի սոցիալական լարվածության»։
Դեսպանը գրել է, որ Ալիևի ղեկավարությամբ Ադրբեջանը վարում է հավասարակշռված քաղաքականություն՝ թեթևակի շրջվելով դեպի Արևմուտք։ «Նա Մոսկվայում իր ֆինանսական հետաքրքրություններով խուսափում է հյուսիսային հարևանի հետ կոնֆլիկտներից։ Նա քննադատում էր Սաակաշվիլիին և ընդգծում, որ Վրաստանը օրինակ չէ Ադրբեջանի համար։ Ի տարբերություն իր հոր՝ Ալիևը, չնայած Իրանի նկատմամբ ավստահությանը, խուսափում էր նրա հետ առճակատումից։ Նա խուսափում էր նաև Անկարայի բացահայտ քննադատությունից՝ չնայած դժգոհ էր վերջինիս իսլամական ազդեցությունից:
Ալիևը կարծում է, որ Արևմուտքի հետ մերձեցումը դրական արդյունքներ չի տա՝ դատելով Ուկրաինայից ու Վրաստանից, որտեղ դա հանգեցրեց անկայունության, և Թուրքիայից, որտեղ արդյունքը եղավ շրջադարձը դեպի իսլամ»։
Դերսին պետդեպին հաղորդել է, որ Ադրբեջանը համոզված չէ, որ Արևմուտքը հուսալի գործընկեր է։ «Ավելին, Վրաստանի հետ պատերազմից հետո տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվեց հօգուտ Ռուսաստանի, և այժմ Ռուսաստանն իրական հնարավորություններ ունի փոխելու վերջին 15
տարիների Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը»,- գրել է դեսպանը։

No comments: