Tuesday, February 8, 2011

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԽՆԴԻՐԸ

«Լրագիր» 8-2-2011- Հրապարակվել է WikiLeaks-ի հերթական “դոզան” Հայաստանի մասին, որը ներառում է թրաֆիկինգի թեման: Այդ շրջանակում երեւակվում է գլխավոր դատախազությունը, այնտեղ առկա կոռուպցիոն երեւույթների առնչությունը թրաֆիկինգի հետ, որը Հայաստանի դեպքում արտահայտվում է մեր երկրում եւ դրա սահմաններից դուրս կանանց սեռական շահագործման ենթարկելու տեսքով:
WikiLeaks-ի այդ հերթական խմբաքանակի բովանդակությունը բավական հետաքրքիր ուղղվածություն ունի: Ինչպես հայտնի է, WikiLeask-ի այդ նյութերը ամերիկյան դիվանագիտական գրագրության արտահոսք են: Մասնավորապես, տվյալ դեպքում Հայաստանում ԱՄՆ դեսպանների պետդեպարտամենտ ուղարկված փակ զեկույցներից: Վերջին տարիներին ԱՄՆ բավական դրական էր արտահայտվում Հայաստանում թրաֆիկինգի դեմ պայքարի մասին: Դատախազությանը նույնիսկ ծրագրային ու ֆինանսական աջակցություն էր ցուցաբերվում, դրվատվում էր թրաֆիկինգի դեմ պայքարելու ցանկությունը:
Բայց, փաստորեն ստացվում է, որ այդ տարիներին ԱՄՆ դեսպանատունն այդ հրապարակային դիրքորոշումների հակառակ բովանդակության զեկույցներ է ուղարկել պետդեպարտամենտ, ներկայացնելով, որ իրավիճակն այդքան էլ բարվոք չէ, իսկ գլխավոր դատախազությունն էլ կոռուպցիոն որոշակի թելերով կապված է երեւույթի հետ:
Փաստորեն այժմ, WikiLeask-ի բացահայտումների արդյունքում, պարզ է դառնում, որ ամերիկացիների համար Հայաստանում առկա է գլխավոր դատախազության խնդիրը: Թերեւս սպառվել է այն քարտ-բլանշը, որ ֆինանսական կամ տեխնոլոգիական օժանդակության տեսքով ԱՄՆ տվել էր գլխավոր դատախազությանը: Համենայն դեպս, նոր բացահայտումները հրապարակայնացնում են դատախազական համակարգի խնդիրը:

Երեւի թե պատահական չէ, որ վերջին շրջանում մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտալուտ փոփոխության մասին: Երեւի թե պատահական չէ նաեւ, որ թրաֆիկինգի եւ գլխավոր դատախազության մասին WikiLeaks-իբացահայտումները համընկան Մյունխենում Հիլարի Քլինթոնի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակահատվածի հետ: Չի բացառվում, որ այդ հանդիպմանը ամերիկյան կողմը բարձրացրած լինի դատախազության հարցը:

Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը կամ դիմադրել է, եւ ի պատասխան ստացել WikiLeask-ի հերթական “դոզան”, կամ էլ չի դիմադրել, բայց օգնություն է խնդրել դատախազության անարդյունավետության, բացասականության թեժացման առումով, որ Աղվան Հովսեփյանի վրա ճնշումն ավելանա, դյուրացնելով նրանից ազատվելու գործը: Ամերիկացիները թերեւս կամ ճնշում են Սերժ Սարգսյանին եւ ստիպում, որ գլխավոր դատախազի փոփոխության մասին խոսակցությունները վերածվեն կոնկրետ գործի, կամ էլ նրան մի կողմից օժանդակում են դատախազության վրա “մթնոլորտային ճնշումն” ավելացնելու հարցում, միեւնույն ժամանակ հասկացնելով, որ հակառակ պարագայում այդ ճնշումը կամաց-կամաց ուժգնանալու է անմիջապես Սերժ Սարգսյանի վրա: Ի վերջո, մամուլը գրել էր, թե WikiLeaks-ում Հայաստանի «կենսագրությունը» բաղկացած է մի քանի հազար էջից:

Ընդ որում, տվյալ կոնկրետ դեպքում խնդիրն ամենեւին էլ միայն թրաֆիկինգը չէ: Դա երեւի թե առիթ է: Իսկ խնդիրները շատ են, սկսած կոռուպցիայի դեմ անարդյունավետ պայքարից, մինչեւ մարտի 1-ի սպանությունների չբացահայտվածություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: