Thursday, February 24, 2011

ԴԻԱՐԲԵՔԻՐՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ԲԱՑՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՀՆՉԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԵՆ, ՔՐԴԵՐԵՆ ԵՎ ՀԱՅԵՐԵՆ

Ժապավենը ծագումով քուրդ պատգամավորի հետ կտրել է թուրքահայ գրող Մկրտիչ Մարկոսյանը
«ԱԶԳ», 24-02-2011- Փետրվարի 22-ին Դիարբեքիրում հանդիսությամբ բացվել է քաղաքապետարանի նախաձեռնությամբ կառուցված մշակույթի տունը: Այս տունը գտնվում է քաղաքի կենտրոնի «Սուր» թաղամասում: Մշակույթի տան բացման հանդիսավոր արարողությանը հրավիրվել են «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Համիդ Գեյլանին, կուսակցության քաղաքային վարչության ղեկավար Մեհմեդ Ալի Այդինը, ծագումով դիարբեքիրցի թուրքահայ գրող Մկրտիչ Մարկոսյանը, «Սուրի» թաղապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու թաղի բնակիչները:
Հանդիսությունների բացմանը թաղապետ Դեմիրբաշն ասել է. «Այսօր մենքՙ քրդերս տխուր ենք: Երանի թե մշակույթի տունը բացեինք մայրենի լեզվով ուսուցման իրավունք ստանալու պայմաններում: Ցավոք, այս երկրում 20 միլիոն քուրդ զրկված է մայրենի լեզվով ուսանելու իրավունքից»:
Նրան հետեւել է պատգամավոր Գեյլանիի ելույթը: Նա հիշեցրել է, որ 2000 թվին ՅՈւՆԵՍԿՕ-ն «Մայրենի լեզվի համաշխարհային օր» է նշանակել, թեեւ Թուրքիան ընդունել է այդ փաստը, նույնիսկ ստորագրել արձանագրության տակ, սակայն հապաղում է կատարել իր իսկ ստորագրած փաստաթղթի պահանջները:
Այնուհետեւ ամբիոնին է մոտեցել Մկրտիչ Մարկոսյանը: Նրա ելույթը նախ հնչել է հայերեն, ապա նա ներկայացրել է դրա թուրքերեն տարբերակը, մասնավորապես ասելով. «Ես իմ հայերեն ելույթում ընդգծեցի մայրենի լեզվի կարեւորությունը ժողովրդի համար: Որովհետեւ ով էլ որ լինենք, նախ պետք է տիրապետենք մայրենի լեզվին: Քրդերը մայրենի լեզուն անվանում են մոր արգանդի լեզու, կարծես ընդգծելու, որ մայրենի լեզվով արտահայտվելու առաջնահերթ իրավունքը իրենց է պատկանում: Մենք բոլորսՙ քուրդ, հայ, ասորի թե քաղդեացի, աշխարհագրական միեւնույն տարածքի ծնունդն ենք: Սակայն այս երկրում քաղաքական տարբեր պատճառներով խաթարվում է մեր միասնությունը»:
Ելույթների ավարտին Մկրտիչ Մարկոսյանն ու «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Գեյլանին միասին են կտրել մշակույթի տան ժապավենը: Etha.com կայքէջը, տեղեկացնելով այդ ամենի մասին, թեեւ չի նշում, թե քուրդ բանախոսներից որն է քրդերեն ելույթ ունեցել, բայց հոդվածը ներկայացնում է «Եռալեզու բացում» վերնագրով: Այլ կերպՙ ելույթները հնչել են ինչպես թուրքերեն, այնպես էլ հայերեն:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: