Wednesday, February 23, 2011

Ադրբեջանում փողերի լվացման նոր միջոց են մտածել

Panorama.am. 23-2-2011- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 20-ին մասնակցել է Աբշերոնի շրջանի Հոքմալի ավանում «M-Line» կահույքի գործարանի բացման արարողությանը:
Այս կապակցությամբ «Ազադլիգը» գրում է, որ այդ օրը Ադրբեջանի բոլոր հեռուստատեսությունները նորությունների հաղորդումները սկսել են Իլհամ Ալիևի կողմից իրեն պատկանող կահույքի գործարանի կարմիր ժապավենը կտրելու պատկերների ցուցադրումով, այն դեպքում, երբ նույն օրը Գյոգյոլի Թողան գյուղում տեղակայված զորամասում արյունալի սպանդ է տեղի ունեցել, որի հետևանքով 7 զինվոր է սպանվել:
«Բոլոր հեռուստատեսությունները նշեցին, որ Իլհամ Ալիևը հաջողությամբ շարունակում է ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիմնադրած սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը: Ժողովրդին հոգնեցրած այդ խոսքերը մի կողմ, ոչ մի աղբյուր այդպես էլ չնշեց, թե ում է պատկանում այդ գործարանը: Բայց նշվեց, որ գործարանի կառուցման համար «Աջակցություն ձեռնարկատիրությանը» ազգային հիմնադրամից 5 մլն մանաթ (մոտ 6 միլիոն դոլար) արտոնյալ վարկ է տրվել: Նման վարկեր Ադրբեջանում տրվում են ընտրյալներին` Իլհամ Ալիևի, Քեմալադդին Հեյդարովի, Զիյա Մեմմեդովի, Ռամիզ Մեհտիևի, Ալլահշուքյուր Փաշազադեի, Փաշաևների նման ձեռնարկատերերին»,- գրում է թերթը:
Թերթը հայտնում է, որ գործարանի` մեկ տարի տևած շինարարության ընդհանուր արժեքը 7,8 մլն մանաթ է (մոտ 9 միլիոն դոլար), որի 55 տոկոսը կազմում է պետական արտոնյալ վարկը: Գործարանը պետք է կահույք արտադրի Ադրբեջանի բոլոր բնակավայրերում գտնվող Հեյդար Ալիևի թանգարանների, վարչական շենքերի, հյուրանոցների, դպրոցների, թատրոնների, բժշկական կենտրոնների, բնակարանների, ռեստորանների համար:
«Մի խոսքով, Իլհամ Ալիևը որոշել է անձամբ կահավորել ամբողջ Ադրբեջանը: Սակայն հատկանշականն այն է, որ պետության կողմից արտոնյալ վարկով կառուցված գործարանի շինարարության համար հայտամրցույթ չի հայտարարվել, ինչն արդեն օրենքի կոպիտ խախտում է, ոչ մի տեղ չգրանցված, գուցե և երբեք չգրանցվելիք մեծ գումարները, կուռուպցիայի ճանապարհով ժողովրդից գողացված միլիոնները յուրացվում են հենց նման ճանապարհով: Գործարանի «m-line.az» կայքում նշված են այն թանգարաններն ու այլ շինությունները, որոնք պետք է կահավորվեն գործարանի արտադրած կահույքով: Այդտեղ նշված են Հեյդար Ալիևի 17 թանգարանների անունները, որոնց ներքին ընդհանուր տարածքը կազմում է հազարավոր քառ.մ: Իսկ հիվանդանոցները, զորամասերը, դպրոցները, մանկապարտեզները, սպորտային կոմպլեքսները… մի խոսքով` կոռուպցիոն փողերի լվացման տարածքները շատ են»,- հեգնանքով գրում է «Ազադլիգը»:

No comments: