Wednesday, February 23, 2011

ԷԼ ԻՆՉ ՊԵՏՔ ՉԷ ՀՈՎԻԿԻՆ

«Լրագիր» 23-2-2011- Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հեռացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականի պաշտոնից: Աբրահամյանն առաջին մարդը չէ, որից հեռանում է Մանասերյանը: Օրինակ, Մանասերյանը հեռացել է նաեւ Ստեփան Դեմիրճյանից: Տարիներ առաջ նա Դեմիրճյանի թիմի անդամ էր:
Իհարկե, Մանասերյանը միակը չէ, որ Դեմիրճյանի թիմից հեռացել է եւ հետո տեղ զբաղեցրել իշխանական որեւէ թիմում: Այդ իմաստով նույնիսկ կարելի է ասել, որ Դեմիրճյանն իշխանական կադրերի «դարբնոց» է:
Թաթուլ Մանասերյանի արածը սակայն իշխանության մեջ մի մեծ բան չէր` նա խորհուրդներ էր տալիս Հովիկ Աբրահամյանին: Ընդ որում, չի բացառվում նաեւ, որ Աբրահամյանը նրան պարզապես հայտարարել է, որ արդեն ոչ միայն քաղաքականության, այլ նաեւ տնտեսության մեջ էլ «խելքի» անհրաժեշտություն չունի, լինի դա սեփական, թե խորհուրդ տված` այսինքն Մանասերյանի խելքը:
Կամ հակառակը, Հովիկ Աբրահամյանին գուցե դուր չեն եկել Մանասերյանի տված «խելքերը», եւ նա դրանք համեմատելով իր ունեցածի հետ, եկել է եզրակացության, որ ավելորդ խորհրդականի կարիք չունի:
Երբ Հովիկ Աբրահամյանը հանդես էր եկել քաղաքականության մեջ խելքի կարիք չունենալու մասին իր հայտնի արտահայտությամբ, նա այդ ժամանակ ընդգծել էր, որ քաղաքականության մեջ առաջ գնալու համար նրան խելք այդքան էլ պետք չի եկել, իսկ ահա բիզնեսում առաջ է գնացել խելքով:
Այնպես որ, Հովիկ Աբրահամյանն ուներ իր եւ Մանասերյանի միջեւ համեմատության հիմք, ինչն էլ ժամանակի ընթացքում աշխատել է Մանասերյանի դեմ, կամ Աբրահամյանի օգտին: «Եթե ես խելք ունեմ, խորհրդականն էլ ինչ եմ անում», գուցե թե մտածել է Հովիկ Աբրահամյանը:
Բայց, չի բացառվում նաեւ, որ Մանասերյանը հեռացել է հենց այն պատճառով, որ Աբրահամյանի օգտին այդքան էլ լավ չի աշխատել: Մասնավորապես, Թաթուլ Մանասերյանը լինելով տնտեսագետ, միգուցե բավարար հզորությամբ չի քննադատել ասենք Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը:
Եթե արտահայտվենք Հովիկ Աբրահամյանի բառապաշարով, ապա միգուցե Մանասերյանին ընտրելով իր տնտեսական հարցերով խորհրդական եւ ակնկալելով, որ գիտնական Մանասերյանի գործունեությունն օգտակար կլինի Աբրահամյանի երազած վարչապետական աթոռը զբաղեցրած Տիգրան Սարգսյանին «մերկացնելու» համար, Հովիկ Աբրահամյանը պարզապես «երազախաբ» է եղել: Իսկ հետո արթնացել է ու իր խորհրդականին հեռացրել աշխատանքից:
Բոլոր դեպքերում, տեղի ունեցածն իհարկե այդքան էլ վատ բան չէ Մանասերյանի համար, եթե նկատի ունենանք, որ նա ավելի վատ իրադրություններում է հայտնվել: Հիշարժան է, թե ինչպես տարիներ առաջ լինելով ԱԺ պատգամավոր, նա անհարմար պատմությունների մեջ էր ընկել Միացյալ Նահանգներում, մինչեւ անգամ ձերբակալվել էր: Այնպես որ, ձերբակալվելու, այն էլ Ամերիկայում ձերբակալվելու համեմատ, ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը թողնելը նույնիսկ հաջողության պես մի բան է:
Իսկ թե արդյոք ինչպես է մամուլը հաջողացրել տեղեկություններ կորզել, որ Մանասերյանի դեմ քրեական գործ է հարուցվել եւ դրա համար էլ նրան հեռացրել են ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից, դժվար է ասել: Հայտնի է միայն, որ Մանասերյանը հերքել է այդ տեղեկությունները, ասելով, որ պաշտոնը թողնում է գիտությամբ զբաղվելու համար:
Այդպիսով, գիտությունը Դեմիրճյանից ու Հովիկ Աբրահամյանից հետո երրորդը կլինի, որով կզբաղվի Թաթուլ Մանասերյանը: Իսկ կհեռանա արդյոք Մանասերյանը գիտությունից, ինչպես Դեմիրճյանից, Աբրահամյանից, եւ մեկ էլ ամերիկյան կալանքից հեռացավ, ցույց կտա ժամանակը:
ԱԴԱՄ ՍՄԻԹ

No comments: