Tuesday, February 8, 2011

Հայաստանի Կարմիր գիրքը հաստանում է, շուտով կգրանցենք նաև հայ մարդու տեսակը. էկոլոգ

 Tert.am. 8-2-2011- Հայաստանի նոր Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների տեսակների թիվը ավելացել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Բնապահպանության նախարարության կենսաբազմազանության քաղաքականության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը:
«Հայաստանում կա 3500 բուսատեսակ, 500 ողնաշարավոր և 17000 անողնաշարավոր կենդանու տեսակ: Նախորդ Կարմիր գրքում գրացնված էր 367 բուսատեսակ, նորում` 452 բույս և 40 տեսակ սունկ: 99 ողնաշարավորի փոխարեն այժմ գրանցված է 153 տեսակ: Անողնաշարավորների թիվը հասել է 155-ի: Իսպառ վերացել է 2 տեսակ. Սևանի իշխան ձկան 4 տասակներից 2-ը ոչնչացել են, և վերակագնումն անհնար է»,- ասաց Տատյանա Դանիելյանը:
Նա նշեց, որ 87-89թթ. հրատարակված Կարմիր գրքում ներառված տեսակները չէին գնահատվել միջազգային չափորոշիչներով: 2010 թվականին տպագրված տարբերակում ներառված տեսակները դասակարգվել են Բնության միջազգային միություն չափորոշիչներով, և կատարվել է դասակարգում` կրիտիկական վիճակում գտնվող տեսակներ, վտանգված տեսակներ, խոցելի տեսակներ: Այս դասակարգումը վերաբերում է և՛ բույսերին, և՛ կենանիներին:
«Աշխատանքներում ընդգրկվել էին նեղ մասնագիտական ունակություններ ու հնարավորություններ ունեցող մարդիկ: Կազմվել էին աշխատանքային խմբեր: Ուսումնասիրությունները կատարվել են Հանրապետության ողջ տարածքում, վերագնահատվել է բուսական ու կենդանական աշխարհը: Գրքի նախնական տպաքանակը 500 օրինակ է»,- ասաց Տատյանա Դանիելյանը:
Էկոլոգ Կարինե Դանիելյանն ասաց, որ շուտով Հայաստանի Կարմիր գրքում մի տեսակ էլ կավելանա: «Եթե այսպես շարունակվի կարող ենք Կարմիր գրքում գրանցել Հայաստանում հայ մարդու տեսակը: Մենք մեզ չենք վերարտադրում, գումարած արտագաղթը: Ու դա ամենակարևոր խնդիրն է»,- ասաց էկոլոգը:
Նա նշեց, որ Հայաստանը վերածվել է հումքային կցորդ երկրի: «Հիմնական էքսպորտը ընդերքօգտագործումն է: Եվ 2-րդը` շինարարությունը»:
Պահպանվող տարածքների թիվն աճում են, և էկոլոգը հարց է բարձրացնում` որքանով է այնտեղ պահպանվում սահմանված ռեժիմը:
«Եթե մի պաշտոնյայի մի գեղեցիկ տարածք է դուր գալիս այդ պահպանվող տարածքից, այն դառնում է այդ պաշտոնյայի սեփականությունը: Օրինակ` Խոսրովի արգելոցում: Դա է նպաստում Կարմիր գրքի հաստանալուն»,- ասաց Կարինե Դանիելյանը:

No comments: