Friday, March 4, 2011

Ղարաբաղյան գործընթացում տեղաշարժը կախված է Ադրբեջանից. համոզված է իշխող կուսակցության ներկայացուցիչը

Tert.am. 4-3-2011- Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը մարտի 5–ին Սոչիում Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի, քանի որ համոզված է, որ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում տեղաշարժը կախված է Ադրբեջանից։ Tert.am–ի հետ զրույցում Արտակ Զաքարյանը նշեց, որ առ այսօր Ադրբեջանի հայտարարությունները վկայել են միայն այն մասին, որ այդ երկիրը պատրաստ չէ շարունակել բանակցային գործընթացը։
«Եթե Ադրբեջանը կարողանա իր մեջ ուժ գտնել և Սոչիում հայտարարել, որ շարունակում են ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում առաջ շարժվել, ապա կարծում եմ, որ գործընթացը տեղից կշարժվի, իսկ եթե ոչ՝ պետք է նորից արձանագրենք, որ Ադրբեջանը կրկին փորձում է ձախողել բանակցային գործընթացը՝ դրանով իսկ վտանգ սպառնալով տարածաշրջանային անվտանգությանն ու ընդհանուր կայունությանը»,– ասաց Զաքարյանը։
Պատգամավորի խոսքով՝ և Աքվիլայում, և Մուսկոկայում համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններն ու նաև վերջին շրջանում ԼՂ կարգավորման 3 սկզբունքների մանրամասների վերաբերյալ որոշակի հստակեցումները, ըստ էության, վկայում են, որ ԼՂ խնդրի նկատմամբ միջազգային հանրությունն ունի ընդհանուր մոտեցում։ «Եվ այս առումով մենք կարծես թե խնդիրներ չունենք։ Այստեղ խնդիրն Ադրբեջանն է, որը կարգավորման այդ 6 կետերից վերցնում է ընդամենը մեկ կետ և ասում՝ տարածքներս վերադարձրեք և վերջ։ Բնականաբար, դա որևէ կերպ բանակցության առարկա լինել չի կարող, և բանակցությունները կարող են շարունակվել գոյություն ունեցող սկզբունքների և դետալների շրջանակներում միայն, եթե, իհարկե, Ադրբեջանն իր մեջ ուժ գտնի»,– ասաց նա։
Սոչիում վաղը կայանալիք հանդիպման ժամանակ, ըստ Զաքարյանի, որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։ «Իմ կարծիքով՝ որևէ փաստաթուղթ չի ստորագրվի, որովհետև Ադրբեջանի մինչ այս արած հայտարարությունները որևէ դրական հույս չեն ներշնչում։ Բնականաբար, ադրբեջանական կողմը հասկացել է, որ հայտնվել է իր կողմից ստեղծված բարդ իրավիճակում և հիմա որպես ելք փորձում է բանակցությունները ձախողել ու այդ հարցում նաև միջազգային հանրությանը մեղավոր ճանաչել»,– ասաց հանրապետական պատգամավորը։

No comments: