Thursday, March 3, 2011

««Ժառանգություն»-ը դատապարտում է իշխանությունների հրահանգով ոստիկանների ձեռնարկած սանձարձակությունները»

Panorama.am. 3-3-2011- Այսօր կառավարության շենքի դիմաց տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել «Ժառանգություն» կուսակցությունը:
«Այսօր առավոտյան ոստիկանները` կոպտորեն խախտելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը, բիրտ ուժի կիրառմամբ ցրել են Կառավարության շենքի մոտ բացօթյա առևտրի իրավունքից զրկված քաղաքացիների բողոքի խաղաղ ցույցը:
Պատժիչ գործողության ընթացքում հասարակական կարգի պահապանները` Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ, պահելով իրենց սովորական փողոցային խուլիգանների պես, իրականացրել են քրեական օրենսգրքով անթույլատրելի մի շարք արարքներ` բռնություն գործադրելով խաղաղ ցուցարարների, այդ թվում ակցիային մասնակցող «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամների ու համանուն խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի և Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ, ինչը միևնույն ժամանակ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված` պատգամավորական անձեռնմխելիության խախտում է: Ոստիկանների ապօրինի գործողությունների և հրահրված հրմշտոցի հետևանքով կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի ինքնազգացողությունը, և ցուցարարները «Շտապ օգնություն» են կանչել, որն առաջին բուժօգնությունն է ցուցաբերել ԱԺ պատգամավորին: Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք է տարվել հայտնի իրավապաշտպան, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին: Ոստիկանները նաև փորձել են բերման ենթարկել «Ժառանգության» վարչության անդամ Դավիթ Սանասարյանին:
Ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ այս հաղորդագրությունն ուղղվում է նաև ՀՀ իրավապահ մարմիններին, Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Կարեն Անդրեասյանին և հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին:
Այս պահին Կենտրոնի ոստիկանություն է մեկնել «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ուր նրան հավաստիացրել են, որ Վարդգես Գասպարին այսօր ազատ կարձակվի:
Միջադեպի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի և պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի պահանջով նրանց ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների հրահանգով ոստիկանների ձեռնարկած սանձարձակությունները ՀՀ քաղաքացիների, այդ թվում «Ժառանգության» վարչության անդամների և պատգամավորների հանդեպ, պահանջում է քրեական գործ հարուցել օրինազանց ոստիկանների ու նրանց համապատասխան հրահանգներ տված պետական պաշտոնյաների նկատմամբ»:

No comments: