Thursday, March 31, 2011

Արաբական աշխարհի ըմբոստությունները երջանկացրել են Օրհան Փամուքին

News.am. 30-3-2011- Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը հայտարարել է, թե արաբական աշխարհում տեղի ունեցող ըմբոստությունները երջանկացրել են իրեն։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ թուրք գրողը Համբուրգում մասնակցել է իր «Ջեւդեթ Բեյը եւ որդիները» վեպի գերմաներեն թարգմանությանը նվիրված երեկոյին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։
Փամուքը նշել է, թե չի ցանկանում խոսել քաղաքական օրակարգային թեմաների մասին, սակայն շատ երջանիկ է, որ արաբական երկրներում բռնապետական ռեժիմների դեմ ընդվզումներ են տեղի ունենում։ «Շատ ուրախ եմ, որ այսուհետ արաբները ավելի լավ, ավելի ազատ են ապրելու։
Ուրախանալու առիթ է այն, որ ամբողջ աշխարհը ոգեւորված էր արաբական երկրներում տեղի ունեցող ըմբոստություններով, կարծես իրենք դրա մասնակիցներից լինեին»,-նշել է թուրք գրողը՝ շեշտելով, որ բռնատիրական ռեժիմներում փոփոխությունները հանկարծակի են լինում:
Նշենք, որ օրերեր առաջ Ստամբուլի Շիշլիի քաղաքացիական գործերով 3-րդ դատարանը բավարարել է «Էրգենեկոն»-ի գործով կասկածյալ, իրավաբան Քեմալ Քերինչսիզի եւ սպանված թուրք զինվորների 5 հարազատների կողմից ներկայացված հայցը: Դատարանի որոշմամբ` Օրհան Փամուքը 2005-ին շվեյցարական ամսագրին տված հարցազրույցում «թուրքերը 1 մլն հայ եւ 30 հազար քուրդ են սպանել» արտահայտության համար հայցվորներից ամեն մեկին պետք է 1000-ական լիրա փոխհատուցում վճարի:
Դատարանի որոշմանը արձագանքեց Փամուքի փաստաբան Հալուք Ինանջը՝ նշելով, թե դատարանի պարտականությունն է պաշտպանել խոսքի ազատությունը։ «Օրհան Փամուքի այդ հայտարարությունից 6 տարի է անցել, իսկ մամուլում նմանատիպ հայտարարությունների համար գործում է 1 տարի վաղեմության սկզբունքը։ Դատը բացելուց ի վեր 5 տարի է անցել։ Մենք բողոքարկելու ենք վճիռը»,-ասել է թուրք գրողի փաստաբանը։

No comments: