«ԱԶԳ», 10-03-2011- Տասնամյակներ շարունակ Սփյուռքը, ունենալով իր յուրահատուկ պայմանները, հակառակ բովանդակ հայության բարի ցանկությունների, մնում է անկազմակերպ, թեեւ սփյուռքահայությունը միավորելու եւ համասփյուռքյան միատարր միավորում ստեղծելու գաղափարը միշտ էլ գոյություն է ունեցել եւ բազմիցս առաջ է քաշվել առանձին անհատների կամ խմբավորումների կողմից: Հիշենք ամենավերջին օրինակներից մի քանիսը:- 2003 թ. Ռուսաստանում կյանքի կոչվեց Հայերի համաշխարհային կոնգրեսը:
- 2010 թվականին ԱՄՆ-ում կայացավ «Հայկական սփիւռք. Ընտրովի ղեկավարութիւն եւ համաշխարհային կառոյց» թեմայով սիմպոզիում:
- 2011 թվականի փետրվարի 4-ին Փարիզում հրատարակվեց «Արեւմտահայաստանի Հայերու խորհրդի» հռչակագիրը, որով հայտարարվում էՙ «Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության» ստեղծման եւ լիազորությունների մասին:
Այս բոլորը վկայում են, որ Սփյուռքը, չբավարարվելով ավանդական կուսակցությունների գոյությամբ ու գործունեությամբ, անհրաժեշտաբար իրականացնում է ինքնակազմակերպման նոր աշխատանքներ:
Անկախությունից հետո Հայաստանի իշխանությունները եւս մերթ ընդ մերթ շրջանառության մեջ են դնում շատ հաճախ չքննարկված ու չմշակված խնդիրներ, որոնք, ինչ որ լուծումներ առաջադրելու փոխարեն, լրացուցիչ դժվարություններ են հարուցում սփյուռքում ապրող հայության համար:
Դրանցից է 2011թ. հունվարի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հայտարարությունը.
«ՀՀ նախագահը մտադիր է փոխել Հայաստանի սահմանադրությունը, ստեղծել վերին պալատ, ՀՀ խորհրդարանը դարձնել երկպալատ, որում եւ ընդգրկել սփյուռքի հայության ներկայացուցիչներին»:
Վերին պալատի ստեղծման անհրաժեշտությունը հավանաբար հայտնի է ՀՀ նախագահին: Սակայն այն առաջացնում է մի շարք հարցեր:
Ո՞ր անհրաժեշտությունից է բխում վերին պալատ ստեղծելու մտադրությունը:
Ի՞նչ իրավասություններ է ունենալու վերին պալատը:
Ովքե՞ր են անդամակցելու այդ պալատում սփյուռքից եւ թվային ի՞նչ հարաբերությամբ:
«Սենատորները» լինելու են ընտրովի՞, թե՞ նշանակովի, գուցե եւ երկո՞ւ եղանակով:
Ո՞րն է սփյուռքահայի անդամակցության անհրաժեշտությունը:
Ի՞նչ սահմաններ են ընդգրկելու պալատի լիազորությունները: Եթե միայն Հայաստանում, ապա սփյուռքահայը ո՞ր իրավական կամ բարոյական սկզբունքներով է իրավասու միջամտելու Հայաստանի ժողովրդի կյանքին:
Մյուս կողմից, ի՞նչ իշխանություն է ունենալու վերին պալատը սփյուռքում, եւ որո՞նք են այդ իշխանության որոշումները գործադրելու լծակները:
Սփյուռքահայը ինչո՞ւ եւ ինչպե՞ս պետք է հաշվի նստի պալատի որոշումների հետ:
Ընտրության պարագայում, ընտրության իրավական դաշտումՙ Հայաստանում, ընտրում եւ ընտրվում է ՀՀ քաղաքացին, ինչպե՞ս է դա իրականանալու սփյուռքում:
Որտե՞ղ եւ ո՞ւմ միջոցով է հաստատվելու անհատ սփյուռքահայի ընտրելու եւ ընտրվելու իրավունքը:
Սփյուռքի կազմավորման առաջին իսկ օրից երբեք չի հաջողվել իրականացնել համահայկական մի աշխատանք, որում ներգրավված լինի ողջ հայությունը:
Հայկական իրականության մեջ միշտ էլ բախվել են տարբեր խմբակցություններըՙ չունենալով միջազգային եւ ներազգային խնդիրների նկատմամբ ոչ մի միասնական մոտեցում կամ ծրագիր: Տարբեր են եղել Հայաստանի ու սփյուռքի ղեկավարության մտածելակերպը, նախասիրություններն ու շահերը, փաստըՙ Հայաստանյաց առաքելական եկեղեցու պառակտումը:
Հայկական ավանդական կուսակցությունները բազմիցս ենթարկվել են պառակտման, եւ հակադիր կողմերը սուր են ճոճել իրար դեմ:
Մեծ ուժ է Սփյուռքը: Սակայն տարանջատ: Բայց հենց այս տարանջատ պայմաններում էլ հսկայական է նրա ներդրումը հայկական ընդհանրական կյանքում. հայապահպանում, հայկական հարց, պահանջատիրություն, քաղաքական լոբիների գործունեություն, տնտեսական, գիտական մեծ ներուժ:
Ցանկալի է, որ հայրենի իշխանություններըՙ չթերագնահատեն ու չարժեզրկեն Սփյուռքը եւ չվերածեն քաղաքական քարոզչության էժանագին խաղաքարտի:
Քննարկվող նյութի տեսակետից առանձնապես ուշադրության արժանի է Սփյուռքի կյանքում հատվածապաշտության «ճարտարապետ» ՀՀԴ- ի տեսակետը այս մասին: Մեր օրերում այս գաղափարը առաջին անգամ արտահայտել է ՀՀԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, 8 դեկ. 2010թ. Տորոնտոյում:
Արդյո՞ք պատահական են այս եւ Սփյուռքի նախարարի հայտարարության զուգադիպումն ու հաջորդականությունը:
Գուցե ՀՅԴ- ն, որ կորցրել է իր հայաստանյան ուժերով իշխանության հասնելու հեռանկարը, մտածում է ավելացնել իր դերը Հայաստանի օրենսդրական կառույցներում, գրավելով դեռ չստեղծված սենատի աթոռների «առյուծի բաժինը»:
Իսկ թե ինչպես են կատարվելու երեւակայական սենատորների նշանակումները կամ ընտրությունները իրանահայ համայնքում, դա իրանահայությանը հայտնի է տասնամյակների փորձով, եւ կասկած չկա, որ դրանք կատարվելու են ամենայն «ճշգրտությամբ»:
ՀՐԱՉ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ, Իրանի Շահին Շահր քաղաքի «Իրանահայ ազգային ու մշակութային միության» նախկին նախագահ, հասարակական գործիչ
No comments:
Post a Comment