Thursday, March 31, 2011

ԵԱՀԿ ԶԵԿՈՒՅՑԸ ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

«Լրագիր» 31-3-2011- Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցի շուրջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից եւ ԱԳՆ-ից հնչող հակասական մեկնաբանությունները ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը մասնավորապես ասաց.
Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցը լուրջ շփոթություն է առաջացրել Ադրբեջանում, ինչի մասին են վկայում Ալիեւի աշխատակազմից եւ արտաքին քաղաքական գերատեսչության հնչող տարբեր տեսակետները դրա վերաբերյալ:
Այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովը հայտարարում է, որ խիստ կասկածներ կան իրենց կողմից զեկույցի օբյեկտիվ լինել չլինելու հարցում, ԱԳՆ-ն, հայտարարում է, որ զեկույցը օբյեկտիվ է եւ թույլ է տալիս բացահայտել այդ տարածքներում տիրող իրավիճակը:
Հարկավոր է նշել, որ նման անկայուն եւ ոչ հստակ դիրքորոշումները, որոնք հաճախ կարելի է հանդիպել ադրբեջանական կողմի վարքագծում, տարակուսանքի պատճառ են հանդիսանում ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այնպես էլ միջազգային հանրության համար` ընկալելու ադրբեջանական կողմի ոչ ադեկվատ եւ իրարամերժ մոտեցումները:

No comments: