Wednesday, March 2, 2011

Գերմանաբնակ թուրքերը Էրդողանին ելույթը փորձանք են համարում

Panorama.am. 2-3-2011- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի ելույթը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում դժգոհություն է առաջացրել գերմանաբնակ թուրքերի շրջանում: «Vatan» օրաթերթի տեղեկացմամբ` Գերմանիայի կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրն իր վրդովմունքն է հայտնել թուրքական համայնքի ներկայացուցիչներին ուղղված Էրդողանի ճառի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ այդ ժամանակ Էրդողանն իր ազգակիցներին կոչով դիմել էր. «Մեր երեխաները թող սովորեն գերմաներեն, բայց նախևառաջ թուրքերեն սովորելն է հարկավոր»: Ի պատասխան այս կոչի` Օզդեմիրը հայտարարել է, որ ոչ Թուրքիայի վարչապետը, ոչ էլ Գերմանիայի կանցլերը չպետք է խառնվեն մայրենիի ուսուցման խնդրին ու քաղաքական երանգ չտան:
«Իմ երեխաների հարցերը Անկարան չի կարողանա լուծել: Անկարան նախ թող իր խնդիրները լուծի: Գերմանիայում բնակվող երեխաների հարցերը ոչ թե Անկարան, այլ Բեռլինը կարող է լուծել»,- բողոքել է թուրք գործիչը` հավելելով, որ ամեն անգամ Գերմանիա այցելելուց հետո Էրդողանը քննադատության արժանի ելույթ է ունենում և նեղ դրության մեջ գցում այդ երկրում բնակվող թուրքերին:

No comments: