Wednesday, March 2, 2011

Գյուղնախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը

Tert.am. 2-2-2011- Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին։
Կողմերն արձանագրել են, որ բոլոր մակարդակներում ստորագրված համաձայնագրերն ու պայմանագրերը լիրաժեք հնարավորություն են տալիս համագործակցելու գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերում։
«Քաջատեղյակ եմ, որ ԻԻՀ-ն ունի զարգացած գյուղատնտեսություն և, պատահական չէ, որ աշխարհի 10 լավագույն երկրների ցանկում է: Ուրախալի է այն փաստը, որ Իրանն ինքնաբավ երկիր է: Քիչ երկրներ կան, որ իրենք իրենց կարողանում են ապահովել սննդով: Այս առումով մեզ համար շատ կարևոր է Իրանի փորձը»,- նշել է նախարարը:
Այնուհետև նա մատնանշել է այն առաջնային ծրագրերը, որոնք կնպաստեն Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը:

Նախարարը տեղեկացրել է, որ մշակվել է 2010 -2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը: Նա նաև նշել է, որ եթե մինչ այսօր Հայաստան ցորենի սեմացու ներկրվում է ՌԴ-ից, ապա կարելի է քննարկել նաև իրանական սերմացուի տեղայնացման հարցը` մինչ այդ փորձարկելով այն մեր երկրում։

Նախարարի կողմից համագործակցության առաջարկները վերաբերել են նաև Արարատյան դաշտավայրում աղակալած հողերի աղազերծման, ջերմոցային տնտեսությունների ավելացման հացերին, կաթիլային եղանակով ոռոգման համակարգերի ներդրմանը:

«Ինչպես գիտեք, Իրանը կենդանի անասուններ է ներմուծում Հայաստանից: Մենք պատրաստ ենք քննարկել նաև ոչխարաբուծության, մսի ատադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու հարցը: Իսկ հիմա Սևանա լճում իրանական տեխնոլոգիաներով վանդակային ձկնաբուծության առաջին քայլերն են արվում: Մեղվաբուծության և ծաղկաբուծության ասպարեզում էլ կարող ենք համատեղ ծրագրեր իրականացնել»,- նշել է դեսպանը:

Նախարարը կարևորել է ոչ միայն որոշակի քանակությամբ հատկապես բարձր մսատվությամբ անասունների ներկրումը, այլև համագործակցությունը անասնաբուժության ու հիվանդությունների կանխարգելման հարցերում:
Գյուղնախարարը կարևորել է նաև կողմերի միջև միջմարզային համագործակցությունը։

No comments: