Thursday, March 3, 2011

Անկարան թույլ տվեց հայազգի քաղաքացուն աշխատել Թուրքիայի պետական ապարատում

Tert.am- 3-3-2011 Երկու տարի սպասումներից հետո Թուրքիայի Պետական խորհուրդը (Բարձրագույն վճռաբեկ ատյան) ի վերջո կայացրեց մի որոշում, որի համաձայն՝ Թուրքիայի ազգությամբ հայ քաղաքացի Լեո Սուրեն Հալեպլին կարող է աշխատել Թուրքիայի պետական ապարատում։ Այս մասին Լիսաբոն մեկնելու ճանապարհին ինքնաթիռում թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ անդամակցության հարցով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը։
«Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ հայը դառնում է պետական պաշտոնյա»,– հայտարարել է Բաղըշը։
Նշենք, որ այս լուրը լայն արձագանք է գտել թուրքական մամուլում։
Hurriyet օրաթերթը, մեկնաբանելով Պետական խորհրդի որոշումը, գրում է, որ դա Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ տեղի ունեցող արմատական փոփոխությունների վկայությունն է։
«Այլևս ազգային փոքրամասնությունները Թուրքիայում ոչ մահմեդականներ չեն կոչվելու։ Ազգությամբ հայ քաղաքացու՝ պետական ապարատում աշխատելը շատ կարևոր զարգացում է։ Մինչև հիմա հայ և հույն քաղաքացիները որևէ պաշտոն չէին կարողանում զբաղեցնել, չէին կարողանում սպա դառնալ։ Իսկ այդ խտրականությունը վնասում էր արտերկրում Թուրքիայի հեղինակությունը»,– գրում է Hurriyet–ը։
«Թուրքիայի Հանրապետությունն իր պատմության 88 տարիների ընթացքում առաջին անգամ ազգությամբ հայ քաղաքացուն դարձնում է պետական պաշտոնյա։ Ինչևէ, եթե անգամ մի փոքր ուշացումով է դա արվում, մի՞թե չի կարելի ասել, որ Թուրքիան բռնել է կարգավորման ուղին»,– գրում է թուրքական Sabah օրաթերթը։
Հիշեցնենք, որ 2009թ. պոլսահայ Լեո Սուրեն Հալեպլին փայլուն կերպով հանձնել էր Թուրքիայի կառավարությանը կից Եվրամիության հետ հարաբերությունների հարցերով գլխավոր քարտուղարությունում պաշտոն զբաղեցնելու համար նախատեսված բոլոր քննությունները։ Սակայն Անկարայի վարչական դատարանը, բավարարելով այդ պաշտոնին հավակնող թեկնածուներից մեկի հայցադիմումը, ով չէր համաձայնել քննության արդյունքների հետ, որոշում էր կայացրել կրկնակի քննությունների անցկացման մասին՝ չեղյալ հայտարարելով նախորդ քննության արդյունքները։ Իսկ ԵՄ հարցերով քարտուղարությունն էլ բողոքարկել էր Անկարայի վարչական դատարանի որոշումը Պետական խորհրդում։
Լեո Սուրեն Հալեպլին Ռոբեր քոլեջի և Endicott համալսարանի շջանավարտ է։ Դոկտորական աստիճանն ստացել է Լոնդոնի տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 30-ամյա Հալեպլին տիրապետում է հինգ լեզվի:

No comments: