Friday, March 4, 2011

ՈՐՆ Է ՈՍՏԻԿԱՆԻ ԳՈՐԾԸ

«Լրագիր» 4-3-2011- Մարտի 3-ի երեկոյան Կենտրոն հեռուստաընկերության Ուրվագիծ հաղորդաշարի հյուրը Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն էր, ով քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող մարդկանց հայտնի է նաեւ Բազազ մականունով: Ռոբերտ Մելքոնյանը Ուրվագծի եթերում փորձում էր ներկայացնել նույն օրը կեսօրին կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի պատմությունը: Խոսքը ոստիկանության եւ Ժառանգություն խմբակցության պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ ուժ եւ բռնություն էր կիրառվել պատգամավորների եւ փողոցային առեւտրով զբաղվող բողոքավոր քաղաքացիների դեմ:
Պարզ է, որ Ռոբերտ Մելքոնյանը հաղորդման ընթացքում փորձում էր ներկայացնել միջադեպը այնպես, թե ոստիկանությունը կատարել է բացառապես օրենքով սահմանված իր պարտականությունները եւ բախման մեղավորը եղել են Ժառանգության պատգամավորները: Լավ կլիներ իհարկե, որ Ուրվագծի այդ հաղորդմանը մասնակցեին նաեւ Ժառանգության պատգամավորներն ու Ռոբերտ Մելքոնյանի դիմաց նստած միեւնույն ժամանակ իրենք էլ իրենց մոտեցումները եւ մեկնությունները ներկայացնեին: Բայց, տվյալ պարագայում ուզում եմ անդրադառնալ ոչ թե մեկնությունների կարեւոր խնդրին, այլ Երեւանի փոխոստիկանապետի ոչ պակաս կարեւոր մի քանի այլ մտքերի:

Խոսքը մասնավորապես այն մասին էր, որ Ռոբերտ Մելքոնյանը փորձում էր փողոցային առեւտրով զբաղվողներին համոզել, որ բողոքելու փոխարեն պետք է գնալ եւ Երեւանում իրենց համար բացված շուկաներում շարունակել աշխատանքը: Մի պահ թվում էր, թե Ուրվագծի հյուրը ոչ թե Երեւանի փոխոստիկանապետն է, այլ ասենք Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետը: Ռոբերտ Մելքոնյանը փորձում էր բացատրել, որ շուկաներում արտոնյալ պայմաններ են ստեղծված փողոցայյին առեւտրով զբաղվողների համար, որ նրանք կարողանան հաճախորդ գրավել առաջին ժամանակաշրջանում: Ռոբերտ Մելքոնյանը զարմանում էր, որ մոտ 3000 փողոցային առեւտրականները գնացել են շուկաներ եւ աշխատում են այդ պայմաններով, իսկ մի երկու-երեք տասնյակը բողոքում են: Նա դրանով եզրակացրեց, որ ուրեմն այդ բողոքողներն արդեն դարձել են քաղաքական շահարկման առարկա:

Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքանյանը հասավ նույնիսկ նրան, որ հայտարարեց, թե “նորմալ մարդը” փողոցից առեւտուր չի անի: Ինչ խոսք, հայտնի անեկդոտի նման, Ռոբերտ Մելքոնյանը կարող էր եւ այդքան բարի չլինել եւ այդ մարդկանց ոչ թե աննորմալությունն ակնարկեր, այլ ուղղակի ասեր, որ փողոցից առեւտուր անողը “համբալ” է: Բայց փոխոստիկանապետը թերեւս գերադասեց եթերում ավելի զուսպ եւ բարի լինել, քան ասենք ընդդիմության ակցիաների ժամանակ:

Նախ, Ռոբերտ Մելքոնյանը թերեւս չգիտե, որ թե փողոցում առեւտուր անողները, թե նրանցից գնումներ կատարողներն ամենեւին լավ օրից չէ, որ գնում են այդ քայլին: Փողոցում առեւտուր անող մարդիկ պարզապես հացի փող վաստակելու այլ տարբերակ չունեն: Իսկ շատ մարդիկ էլ գնումները նրանցից են կատարում, որովհետեւ նույնիսկ մի քանի լումա էժանությունը այդ գնորդների համար շատ մեծ նշանակություն ունի, քանի որ նրանց ամեն մի կոպեկը հաշված է: Նրանք, օրինակ ի տարբերություն շատ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում եւ ոստիկանապետերի, բիզնեսներ չունեն, շքեղ տներում չեն ապրում, շքեղ մեքենաներով չեն շրջում:

Դրանից բացի, ամենակարեւորը, փողոցային առեւտրականներին վարքագծի խորհուրդներ տալը ամենեւին Երեւանի փոխոստիկանապետի գործը չէ: Դա ընդհանրապես ոստիկանության գործը չէ: Գուցե փողոցային առեւտրականներին առաջարկվել են դրախտային պայմաններ, ոսկե տաղավարներ քաղաքի ամենակենտրոնում կառուցված զմրուխտե շուկաներում, բայց մարդը բողոքում է դրա դեմ: Ոստիկանի գործը չէ քննարկել կամ պարզել, թե արդյոք որքանով է բողոքը հիմնավոր, որքանով է բողոքավորը արդարացի: Մարդն ուզում եւ բողոքում է իրեն առաջարկված ոսկե պայմանների դեմ: Ոստիկանի գործն ընդամենը օրենքն ու հասարակական կարգը պաշտպանելն է. խախտում է արդյոք այդ բողոքը երկրի Սահմանադրությունն ու օրենքները, թե չի խախտում: Դա է խնդիրը, դա է ոստիկանի գործը, իսկ թե բողոքողն ինչի համար է բողոքում, խելքին մոտ է բողոքը, թե հեռու, դա բացարձակապես ոստիկանի գործը չէ:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: