Saturday, March 19, 2011

Լուսինն այսօր Երկրին կմոտենա շուրջ 4 հազար կիլոմետրով. Բյուրականի աստղադիտարան

News.am. 19-3-2011- Այսօր՝ մարտի 19-ին սպասվելիք Լուսնի՝ Երկրին մոտենալու երեւույթի մեջ սենսացիոն ոչինչ չկա, դա սովորական գործընթաց է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։
Նրա խոսքով, Լուսնի մոտեցումը Երկրին անզեն աչքով դժվար կլինի նկատել. «Սովորական լիալուսին կլինի՝ աննշան մեծ չափերով, այնքան, որ մարդիկ երկնային այդ մարմինի չափսերի փոփոխությունը գրեթե չեն էլ նկատի։ Ամպամածության պատճառով (եթե, իհարկե, այն շարունակվի) Լուսնի մոտեցումը Հայաստանում ընդհանրապես չի երեւա, դրան հակառակ գերազանց կերպով կերեւա գիշերային կիսագնդի բոլոր այն երկրներում, ուր պարզկա երկինք կլինի»,- բացատրեց Հարությունյանը։
Հարցին, թե ի՞նչ երեւույթներով է ուղեկցվում Երկրին Լուսնի մոտենալու գործընթացը, Բյուրականի աստղադիտարանի տնօրենը նշեց, որ առավել ակտիվանում են տեղատվություններն ու մակընթացությունները, ուրիշ հետաքրքրաշարժ երեւույթներ, որպես այդպիսին, չեն նկատվում։
Ամփոփելով՝ Հայկ Հարությունյանը հավելեց, որ Լուսնի՝ Երկրին մոտենալու երեւույթը կրկնվում է հարյուրամյակը 5-6 անգամ, եւ որ այսօր տեղի ունենալիքն առաջինն է 21-րդ դարում։ «Մոտեցումներ եղել են 1912, 1938 թվականներին, այնուհետեւ 50-ականներին, 1975-ին եւ այլն»։
Նշենք, որ ըստ գիտնականների կողմից արված հաշվարկների՝ Լուսինն այսօր՝ մարտի 19-ին , Երկրին կմոտենա շուրջ 4 հազար կիլոմետրով։

No comments: