Wednesday, March 2, 2011

ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐՋԸ

«Լրագիր» 2-3-2011- Հայ Ազգային Կոնգրեսը մարտի 1-ին հրավիրած իր հանրահավաքի անունից 15 պահանջ ներկայացրեց իշխանությանը, որոնք ներառում են կենսագործունեության տարբեր ոլորտներ` սոցիալականից քաղաքական, ինչպես նաեւ Հայաստանում առկա ճգնաժամի բաղադրիչ հանդիսացող տարբեր հարցեր` քաղբանտարկյալների խնդրից մինչեւ մամուլի ազատություն:
Իշխանությանը 10 պահանջ է ներկայացրել նաեւ Ժառանգություն կուսակցությունը, այդ պահանջների մեջ նույնպես ներառելով ներքին թե քաղաքական, թե տնտեսական, թե սոցիալական հարցեր, նաեւ հարցեր, որոնք առնչվում են արտաքին քաղաքական խնդիրներին:
Առաջիկայում հավանաբար ինչ որ պահանջներ կձեւակերպի նաեւ Դաշնակցությունը, գուցե 10, գուցե 15, իսկ գուցե նաեւ 20 կետից բաղկացած:
Ակնհայտ է, որ Կոնգրեսի ու Ժառանգության պահանջներն ունեն շատ ընդհանրություններ: Կասկած չկա, որ եթե պահանջներ ձեւակերպի նաեւ Դաշնակցությունը, ապա դրանք էլ շատ ընդհանրություն են ունենալու Կոնգրեսի եւ Ժառանգության պահանջների հետ:

Հայաստանն այժմ գտնվում է այնպիսի սոցիալ-քաղաքական իրավիճակում, որ եթե որեւէ մեկը ցանկանում է այդ իրավիճակի փոփոխություն, թերեւս պետք է ներկայացնի նույն պահանջները, ինչ փոփոխության դիրքերից հանդես եկող որեւէ այլ ուժ:

Ամբողջ հարցն այն է, թե ինչ է լինելու այդ պահանջների վերջը: Որ իշխանությունը դրանք չի կատարելու, կարծես թե աներկբա է: Կամ, եթե ինչ որ բան կատարելու է, ապա թերեւս ամենաանկարեւոր եւ անվնաս պահանջները, այն էլ ընդամենը ժամանակ ձգելու համար:

Իսկ ինչ են անելու պահանջատերերը: Նրա՞նց էլ պետք է ժամանակ ձգել, թե ինչ որ պահից պահանջատերերն անցնելու են ինչ որ վճռական գործողությունների: Համենայն դեպս թե Կոնգրեսը, թե Ժառանգությունը, որ արդեն ներկայացրել են պահանջներ, այդ մասին դեռ հստակ որեւէ բան չեն ասել: Կոնգրեսը խոստացել է իշխանության արձագանքը քննարկել մարտի 17-ի հանրահավաքում, երբ լրացած կլինի պահանջները կատարելու համար իշխանությանը տրված երկշաբաթյա ժամկետը: Ժառանգության պահանջներն ընդհանրապես կարծես թե անժամկետ են:

Դաշնակցության պարագան հարց է, թե արդյոք կձեւակերպվեն պահանջներ, որովհետեւ թեեւ տրամաբանությունը հուշում է, որ դրանք պետք է լինեն, այդուհանդերձ քաղաքական հաշվարկը Դաշնակցությանը կարող է «հետ պահել», քանի որ պահանջ հնչեցնելու դեպքում հարկ է պատասխանատվություն ստանձնել հետագա գործողությունների համար:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի քաղաքական սուբյեկտները փորձում են պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման: Սակայն, արդյոք պատրաստ են իրենք իրադարձություններ զարգացնելու:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: