Wednesday, March 2, 2011

Հ.Թովմասյան. «Դժվար է պետական լեզու ունեցող մեկ այլ երկրում տեսնել, օրինակ, գովազդ օտար լեզվի գերակշռմամբ»

Panorama.am. 2-3-2011- «Սա մի փաթեթ է, որը բացի հայապահպանության խնդիրներից էական մեծ դաստիարակչական ֆունկցիա ունի . այն ողջունելի է կառարավության կողմից»,- ներկայացնելով ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախարարի խոսքով, փաթեթի սկզբնական տարբերակը որոշակի տարաձայնությունների տեղիք է տվել, սակայն կառավարությունն ու օրենսդիրը ներկայացնող նախագծի հեղինակներին հաջողվել է գալ համաձայնության և արդյունքում փաթեթն արդեն իսկ քննարկվում է խորհրդարանում:

Փաթեթում առկա երեք օրենքներում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները, ամփոփեց Հ.Թովմասյանը, նպատակ ունեն ավելի շատ պաշտպանել մայրենին ոտնահարումից, քան, ինչպես շատերն ընկալում են, կարգավորել գովազդի ոլորտը.
«Յուրաքանչյուրս մեզանից ականատեսն է օտարահունչ կամ հայերենի աղավաղման միջոցով ներկայացվող բառակապակցությունների` թե՛ փողոցում, թե՛ եթերում, որոնք աստիճանաբար մտնում են մեր կենցաղ ու դառնում առօրյա»,- մատնանշեց Արդարադատության նախարարն ու ավելացրեց` «չեմ ուզում ասել, թե դրա վրա լեզվամտածողություն է ձևավորվում, բայց այդուհանդերձ այն նոր է»:

Ըստ նրա, շատ կարևոր է, որ հեղինակները փաթեթը մշակելիս հաշվի են առել ԱՊՀ երկրների փորձը, որովհետև կայացած ու մոնո-լեզու ունեցող երկրների համար, ըստ էության, նման խնդիրներ չեն առաջանում ու դժվար է մեկ այլ երկրում, որն ունի պետական լեզու, տեսնել, օրինակ, գովազդ օտար լեզվի գերակշռմամբ. «Բայց մեզ համար` հետխորհրդային հանրապետությունների համար, սա կարծես իրականություն է և բավականին երկար ժամանակ անուշադրության է մատնվել: Մինչդեռ իրավամբ լեզվի տեսչությունն էլ նշում է, որ Վարչական իրավախախտումների օրենսգրքում առկա են մեխանիզմներ , բայց նրանք շատ անորոշ են ու մեծ մասամբ իրավախախտները համաձայն են տուգանք վճարել, բայց նույն գովադզը թողնել անփոփոխ»,- ավելացրեց Հ.Թովմասյանը:

Հիշեցնենք, որ փաթեթում առաջարկվող փոփոխությունների համաձայն վերանայվելու և խստացվելու է տույժային քաղաքականությունը, ինչը, համաձայն հեղինակների մտահղացման, պետք է նպաստի քաղաքացիների ու պաշտոնական անձանց պատասխանատվության բարձրացմանը:

No comments: