Wednesday, March 2, 2011

Կոնգրեսական Շերմանը Քլինթոնին կոչ է արել համարժեք պատասխան տալ Ադրբեջանի ագրեսիային

News.am. 2-3-2011- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Բրեդ Շերմանը մարտի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին խնդրել է ուշադրություն դարձնել Ադրբեջանի կառավարության՝ Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ ուղղված սպառնալիքներին եւ ագրեսիային։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն։
Այս հարցը բարձրացվել է արտաքին հարաբերությունների կոմիտեի առջեւ պետքարտուղար Քլինթոնի երեքժամյա ելույթի ժամանակ։
Ներկայացուցիչների պալատի անդամ Շերմանն ասել է. «Ինչ վերաբերում է Կովկասին, ապա Ադրբեջանի պաշտպանության նախարարը վերջերս հայտարարել էր, որ իր երկիրը լրջորեն պատրաստվում է պատերազմի։ Ես հուսով եմ, որ դուք պատկերացնում եք հետեւանքները, եթե Ադրբեջանը վերսկսի հակամարտությունը»։
Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը նամակով կպատասխանի այս եւ ներկայացուցիչների պալատի անդամների այլ հարցերի։
Շերմանի այս հարցը Կոնգրեսում հնչեցվել է սումգայիթյան եւ Բաքվի ջարդերի տարելիցի հաջորդ օրը։ Կոնգրեսականին միացել են ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, հայկական խմբի գործընկերներ Ֆրենք Փալոնը, Աննա Էշուն եւ Էլիոթ Էնգելը։

No comments: