Wednesday, March 30, 2011

ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է

«Ազգ», 30.03.11թ.: «Ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» չէ, այլ շարունակվող է», հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն «Ազերիպրես» գործակալության Վաշինգտոնում գտնվող թղթակցին: Նրա խոսքերով, «Հնարավոր էՙ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ստատուս քվոն ձեռնտու է ինչ-որ մեկի, սակայն առկա վիճակը կայունություն չի երաշխավորում»:
Ամերիկացի համանախագահները կարծես հակում եւ ձգտում ունեն ոչ միայն որոշ մանրամասների անդրադառնալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ, այլեւ երբեմն էլ իրենց կարծիքը ներկայացնելու այն դեպքում, երբ այդպիսի վարքագիծ չեն դրսեւորում ոչ ռուսաստանցի, ոչ ֆրանսիացի համանախագահները: Ամեն դեպքում, տպավորությունն այնպիսին է, թե Ռոբերտ Բրադկեն էլ է գնում իր նախորդի` Մեթյու Բրայզայի հետքերով:
Բրադկեն, ելույթ ունենալով Քարնեգիի վաշինգտոնյան հիմնադրամի` ղարաբաղյան հակամարտությանը նվիրված մարտի 28-ի կոնֆերանսում, նշել է, թե հարավկովկասյան տարածաշրջանի ժողովուրդները «ավելի լավ, կայուն եւ ունեւոր ապագայի են արժանի, եւ այդ ապագայի համար նրանք պետք է օգտվեն բոլոր հնարավորություններից»: Հայտարարելով, թե ղարաբաղյան խնդրին ակնկալվող ուշադրություն չի դարձվում, Բրադկեն ընդգծել է, թե հակամարտության առնչությամբ իրավիճակը դեռեւս կայուն չէ, խնդիրն էլ «մշտապես չի լուսաբանվում մամուլում»:
Միեւնույն ժամանակ, բավականին հետաքրքրական համատեքստում Բրադկեն հիշեցրել է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների մի շարք հայտարարություններն այս հակամարտության առնչությամբ վկայում են հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կարեւորության մասին, ընդ որում, «պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջին այցելությունը Ադրբեջան ի պաշտոնե» եւս այդ համատեքստում էր, հատկապես որ «այդպիսի այցելությունը սպասվում էր երկար տարիներ»:
Բրադկեն, այս ամենով հանդերձ, հայտարարել է, որ, նկատի ունենալով համանախագահներին, «բոլոր կողմերն են համաձայն Հարավային Կովկասում նոր պատերազմի անթույլատրելիությանը»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: