Thursday, March 3, 2011

Էրդողանը Կադաֆիին գահընկեց անելու դիմաց պահանջել է ԵՄ լիիրավ անդամակցություն. Middle East Newsline

Tert.am. 3-3-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե անվերապահորեն կաջակցի Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադաֆիին գահընկեց անելու գործողությանը՝ այդ ծառայության դիմաց պահանջելով Թուրքիայի՝ ԵՄ լիիրավ անդամակցություն։ Այս մասին է տեղեկացնում Middle East Newsline կայքը՝ վկայակոչելով անանուն մի դիվանագետի։
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեղանին դրեց մի ծրագիր՝ պատրաստակամություն հայտնելով բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ՆԱՏՕ–ի՝ գնդապետ Մուամմար Կադաֆիի վարչակարգին վերջ դնելու հնարավոր գործողությանը։ Ըստ Էրդողանի ծրագրի՝ Թուրքիան Լիբիա էր ուղարկելու նավեր և զինվորներ։ Իսկ այդ ամենի դիմաց Էրդողանը պահանջում էր, որպեսզի Թուրքիային անհապաղ ընդունեն Եվրամիություն։ Միացյալ Նահանգները և անձամբ նախագահ Բարաք Օբաման աջակցություն հայտնեցին Էրդողանի ծրագրին»,– ասել է դիվանագետը՝ նշելով, որ Էրդողանի ծրագրերը փչացրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։
«Սակայն Բրյուսելը չողջունեց Էրդողանի ծրագիրը։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեմ դուրս եկավ այդ առաջարկությանը՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները չի կարող թելադրել Եվրամիությանը։ Սարկոզին և ԵՄ անդամ այլ երկրների առաջնորդներ հայտարարեցին, որ Էրդողանը փորձում է շահարկել Լիբիայում տիրող իրավիճակը՝ կտրականապես դեմ արտահայտվելով Թուրքիայի ԵՄ անդամակցությանը»,– Middle East Newsline–ին ասել է անանուն աղբյուրը։
Նշենք, որ օրեր առաջ Գերմանիայում տեղաբնակ թուրքերի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհեթեթություն էր համարել ՆԱՏՕ–ի կողմից Լիբիայում հնարավոր գործողությունը։

No comments: