Saturday, April 9, 2011

Պետդեպը հրապարակել է «Մարդու իրավունքներ - 2010» զեկույցը

ԱՄՆ Պետական դեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքներ - 2010» զեկույցը: Զեկույցը «հանրագիտական մանրամասնությամբ» վերլուծում է աշխարհի 190 երկրներում մարդու իրավունքների վիճակը անցած տարվա ընթացքում:
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ 2010-ն ամփոփող փաստաթուղթը հրապարակում են 2011-ի երեք ամիսները բոլորելուց հետո, երբ դրամատիկ իրադարձությունները ցնցեցին Միջին Արևելքը:
«Այս պահին մենք չենք կարող կանխատեսել այդ փոփոխությունների արդյունքը և չենք կարող իմանալ նաև դրանց արդյունքները հետագա տարիների կտրվածքով, այնպես որ՝ ամբողջ տարածաշրջանի համընդգրկուն վերլուծություն կատարելը պատեհ չէ»,- գրում են նրանք՝ հիշատակելով Թունիսի, Եգիպտոսի ժողովուրդների կողմից ժողովրդավարական հասարակություններ կառուցելու պոռթկումները:
Հայաստանի մասով զեկույցը բաղկացած է 63 էջերից, որոնք մանրամասն նկարագրում են մարդու իրավունքների վիճակը անցած տարում:
Արձանագրվում է, որ Հայաստանում սահմանափակված է քաղաքացիների՝ խաղաղ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու իրավունքը, քանի որ պարբերաբար կոպիտ խախտումներով են անցկացվում ընտրությունները, այդ թվում՝ հունվարին Ազգային ժողովի պատգամավորի համար ընտրությունը: Իրենց քաղաքացիական ղեկավարների ուղղորդությամբ՝ անվտանգության ուժերի որոշ ներկայացուցիչներ շարունակել են ոտնահարել մարդու իրավունքները՝ մնալով անպատիժ: Անցյալ տարի Հայաստանի զինված ուժերում ռազմական գործողությունների բացկաայության պայմաններում գրանցվել են մահվան դեպքեր:
Զեկույցը փաստում է, որ 2010թ. իշխանություններն ազատ են արձակել 2008թ. մարտի 1-ի գործով ազատազրկված չորս անձանց: Մարտի 1-ի գործով երկու հոգի էլ ազատ է արձակվել ամբողջ պատիժը կրելուց հետո:
Լրատվամիջոցները, հատկապես՝ հեռուստատեսությունը, նախկինի պես չեն ապահովել կարծիքների բազմազանությունն ու օբյեկտիվ լրատվությունը: Հետապնդումներ են եղել լրատվամիջոցների նկատմամբ, շարունակվել է գրաքննությունը:
Իշխանությունները շարունակել են մերժել ընդդիմադիր կուսակցությունների և այլ խմբերի՝ որոշակի վայրերում հավաքներ անցկացնելու պահանջները, երբեմն առաջարկելով այլ վայրեր, երբեմն՝ խոչընդոտելով մարդկանց մասնակցությունը հանրահավաքներին:

Իշխանություններն ու օրենքները սահմանափակել են կրոնական ազատությունը: Կոռուպցիան դեռևս խնդիր է, և իշխանությունները սահմանափակ ջանքեր են գործադրում դրա դեմ պայքարելու գործում:

Զեկույցն արձանագրում է, որ իշխանությունները որևէ քաղաքական սպանություն չեն իրականացրել: Փաստաթղթում նշվում է Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից Վահան Խալաֆյանի սպանության գործը, որը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նախապես որակել էր «ինքնասպանություն», հետագայում՝ ներողություն խնդրել դրա համար, այն բանից հետո, երբ Հատուկ քննչական ծառայությունը պարզել էր, որ տեղի ունեցածն ինքնասպանություն չէ:

Զեկույցը մանրամասն անդրադառնում է նաև բանակում տեղի ունեցած սպանություններին ու մահացու ելքերով միջադեպերին:
«Մարդու իրավունքներ - 2010» զեկույցն արձանագրում է, որ քաղաքական գործունեության համար անձանցից շատերին մեղադրանք է առաջադրվել «զանգվածային անկարգություններ» կազմակերպելու մեղադրանքով: Նշվում է, որ նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաև ընդդիմադիր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

Փաստվում է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին ընդդիմությանը աջակցություն ցուցաբերած Սուքիասյանների ընտանիքների բիզնեսները եղել են իշխանությունների թիրախում, փետրվարի 12-ին Սարիբեկ Սուքիասյանը 72 ժամով ձերբակալվել է՝ ոմն գործարար Գոռ Դավթյանին պատանդ պահելու մեղադրանքով, բայց ապացույցի բացակայության պատճառով ազատ է արձակվել:

Զեկույցն անդրադառնում է նաև Հայաստանում կրոնական ազատությունների, աշխատանքային իրավունքների, միասեռականների, բանտերի և ազատազրկման վայրերի խնդիրներին:

No comments: