Saturday, April 9, 2011

Փորձագետ. Ադրբեջանում «արհեստավարժ մարդասպաններ» են պատրաստում

Panorama.am. 9-4-2011- «Ադրբեջանում հանդիսավոր պայմաններում բացվեց հասարակական կազմակերպության քողի տակ գործող դիպուկահարների դպրոց: Զարմանալի է չէ, հենց Արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված որևէ նախաձեռնություն է իրականացվում եվրոպական կառույցների կողմից Ադրբեջանում ռազմականացման ինչ որ հակաքայլը չի ուշանում: Երբ Հայաստանում հանդիսավոր կերպով միջնակարգ դպրոց են բացում, Ադրբեջանում դիպուկահարների դպրոց: Թերևս այստեղ կարելի էր ասել, երբ մենք խաղաղության ենք պատրաստվում նրանք պատերազմի, «արհեստավարժ մարդասպանների» դպրոց են բացում»,- մեկնաբանելով Ադրբեջանում հանդիսավոր պայմանենրում դիպուկահարների դպրոց ստեղծելու փաստը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

«Եկեք նախ հասկանանք այս նախաձեռնության և դրա մասին առաջին հայտարարությունների մանրամասները: Ինչ է նշանակում դիպուկահարների դպրոց-հասարակական կազմակերպություն: Սովորաբար հասարակական կազմակերպությունը նման գործերով չի զբաղվում, իսկ գեներալներն էլ նման հաստատություն չեն ղեկավարում: Դիպուկահարների դպրոցներ գոյություն ունեն գրեթե բոլոր բանակներում, սակայն սովորաբար դիպուկահարների դպրոցները հանդիսավորությամբ չեն բացում: Նման մասնագետները ժողովրդի կողմից ընկալվում են, որպես արհեստավարժ մարդասպաններ, այդ պատճառով շատ դեպքերում նման խնդիրների ուղղված դասերն այլ կերպ և այլ անունով են կոչվում: Կան դեռ դպրոցական տարիքից դիպուկ կրակելուն ուղղված տարբեր միջոցառումներ, սակայն հիմնականում չեն կոչվում դիպուկահարների դպրոց, օրինակ խորհրդային հանրահռչակ «Ворошиловский стрелок»-ները:

Կամ ինչ է նշանակում. նրանք միայն հայ զինվոր են սպանելու, խաղաղ բնակչության վրա չեն կրակելու:
Եթե սա նույն այն 9 տարեկան երեխայի երգն է, ապա այդ կեղծիքն աշխարհը լավ հասկացավ, դիտորդական առաքելության տապալումը մատնեց ամեն ինչ: Եթե ցանկանում են ընդգծել ադրբեջանցիների զինվորների բարձր արժեհամակարգը, ապա դրան էլ ենք ծանոթ Բուդապեշտում: Իսկ եթե ոչ հեռավոր ապագայում թալիշների կամ ավարների հետ մարտական գործողություններ սկսվեն այդ ապագա «Զայցևները» չեն կրակելու նրանց վրա:

Ինչ խոսք կասկածից վեր է, որ այս ամենը հերթական ազդակն է բանակցային կողմին և միջազգային կազմակերպություններին: Աշխարհն Ադրբեջանին հորդորում է սահմանից հեռացնել դիպուկահարներին, ղեկավարությունը «անկեղծորեն» կամենում է, սակայն հասարակությունն ախր պահանջում է «բռնագրաված» հողերի վերադարձ: Ստեղծվում է կեղծ հասարակական պահանջարկ, միլիտարիզացիա, որը, բնականաբար, ղեկավարվում է վերևից…

Եվս մեկ ադրբեջանական սադրանք, ևս մեկ տեղեկատվական ահաբեկչություն, որը միտված է բանակցային գործընթացի վիժեցմանը, նպատակ ունի ահաբեկել հայ ժողովրդին: Քանի դեռ միջազգային կազմակերպություններն իրերն իրենց անուններով չեն կոչում, իսկական ագրեսորի վրա դնում են «գառան դիմակ», ապա Ադրբեջանը շարունակելու է իր այս քաղաքականությունը: Մնում է միայն ապավինել սեփական ուժին ինչն էլ այսօր հանդիսանում է հայ ժողովրդի գոյության հիմնական երաշխիքը»,- նշեց ռազմական փորձագետը:

No comments: