Thursday, April 14, 2011

Հայոց Ցեղասպանության օրը Թուրքիայի 5 քաղաքներում կկազմակերպվեն մի շարք ակցիաներ

Այս տարի եւս Հայոց Ցեղասպանության օրը Թուրքիայի 5 քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Դիարբեքիրում, Իզմիրում, Բոդրումում մի շարք կազմակերպություններ կկազմակերպեն եւ կանցկացնեն մի շարք ակցիաներ: Այսօր` ապրիլի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
Ի դեպ, նախորդ տարի`2010 թվականի ապրիլի 24-ին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմի հրապարակում հավաքվեցին մի խումբ թուրք մտավորականներ, փաստաբաններ, իրավապաշտպաններ եւ հարգեցին ցեղասպանության զոհերի հիշատակը:
NEWS.am-ի հարցին, թե պետական մակարդակով որեւէ բան կիրականացվի՞, թուրքագետը չբացառեց` միաժամանակ նշելով, որ դրանք կկրեն «պրովոկատիվ» բնույթ:
Անուշ Հովհաննիսյանն ասաց, որ Թուրքիան, չփոխելով հայերի նկատմամբ ռազմավարությունը, փոխել է մարտավարությունը, այսինքն` նրանք այլեւս չեն ժխտում Ցեղասպանությունը, բայց նշում են, որ դա տեղի է ունեցել երկու ժողովուրդների հետ: «Փորձ է արվում մի նժարի վրա դնել թուրքերի կորուստները, մյուսի վրա` Ցեղասպանությունը, ինչը բոլորովին այլ բան է: Ակնարկ է արվում տեղափոխել քննարկումը երկրի ներս, այսինքն` դա հայերի եւ թուրքերի որոշելու հարցն է, փորձում են բացառել միջազգային միջամտությունները»,- ասաց թուրքագետը`այս ամենն անվանելով ժխտողական քաղաքականություն:
«Նման ձեւակերպումները կարող են պատրանք ստեղծել, թե ինչ-որ փոփոխություն տեղի է ունենում, մինչդեռ որեւէ բան չի փոխվել»,- նշեց Անուշ Հովհաննիսյանը:
Նրա դիտարկմամբ`այժմ Թուրքիան փորձում է ձեւավորել թուրք հասարակության համար նոր հիշողություն, օրինակ` դպրոցական դասագրքերում 1915թ վերաբերող մի շարք դեպքեր այլ ձեւով ներկայացնել, տարբեր հուշարձաններ տարբեր նշանակությամբ տեղադրել: Արդյունքում` Անուշ Հովհաննիսյանի խոսքով` թուրք հասարակության ընտանեական հիշողությունները սկսեցին բախվել պաշտոնական հիշողությունների հետ:

No comments: