Thursday, April 14, 2011

Թուրքիայի քաղաքական ուժերն իրենց նախընտրական ցուցակներում ընդգրկել են հայկական խնդիրներով զբաղվող մեկական թեկնածուներ

News.am. 14-4-2011- Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող 4 հիմնական ուժերի` իշխող «Արդարություն եւ զարգացում», ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական», «Ազգայնական շարժում» եւ քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» ցուցակներում ընդգրկել են առնվազն մեկական թեկնածուներ, ովքեր զբաղվում են հայկական խնդիրներով: Այսօր` ապրիլի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, նախնական ցուցակներում ընդգրկված են եղել նաեւ ասորիներ եւ հրեաներ, բայց վերջնական ցուցակներում քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ցուցակում մեկ հրեա է ընդգրկվել, ինչն էլ բանախոսը բացատրում է այն հանգամանքով, որ Իսրայելը քրդական շարժման աջակցողներից մեկն է:
Անուշ Հովհաննիսյանն նշեց, որ հանրապետական Թուրքիայի ողջ գոյության ընթացքում թուրքական խորհրդարանում եղել է ընդամենը 23 ոչ մահմեդական պատգամավոր, ընդ որում` 8 հրեա, 8 հույն, 6 հայ եւ 1 թուրք բողոքական պատգամավոր:
Ինչ վերաբերում է ընտրություններից առաջ այդ կուսակցությունների վարկանիշներին, ապա 15-20 օր առաջ Թուրքիայում անցկացված հարցումները ցույց են տվել, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կստանա շուրջ 40 տոկոս ձայն, իսկ մի քանի օր առաջ անցկացրած հարցումների համաձայն` իշխող կուսակցության վարկանիշն ընկել է` հասնելով 30 տոկոսի: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը կստանա 21,6 տոկոս ձայն` նախորդ հարցման 20 տոկոսի փոխարեն:

No comments: