Friday, April 8, 2011

Թուրքիան Լիբիայի հարցով «ճանապարհային քարտեզ» է մշակում

News.am. 8-4-2011- Թուրքիան աշխատում է Լիբիայում իրավիճակը կարգավորելուն ուղղված «ճանապարհային քարտեզի» պատրաստման վրա: Այս մասին Անկարայում կայացած ասուլիսին հայտարարել է վարչապետ Թայիփ Էրդողանը:
«Այդ պլանը նախատեսում է կարգավորման խաղաղ գործընթաց` հիմնված Լիբիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Այն մշակվում է միջազգային հանրության հիմնական մասնակիցների հետ համատեղ», -հայտարարել է Էրդողանը:
Հիմնական գերակայությունների շարքում նա նշել է հատուկ անվտանգ շրջանների ստեղծումը, որոնք «Լիբիայի ժողովրդին առանց բացառության եւ անընդհատ կապահովեն հումանիտար օգնությամբ»:
«Անհրաժեշտ է նաեւ արագ կարգով սկսել լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ, եւ դա անել` հաշվի առնելով ողջ լիբիական ժողովրդի շահերը: Այդ գործընթացի նպատակը պետք է լինի սահմանադրական ժողովրդավարական կարգի ստեղծումը, որը հնարավորություն կտա ժողովրդին ընտրել ղեկավարներին»,-հայտարարել է Էրդողանը:

No comments: