Friday, April 8, 2011

Հայկական մամուլում շատ քիչ է ապացույցը, փաստը. Մանանա Ասլամազյան

Tert.am. 8-4-2011- Հայկական մամուլում շատ քիչ է ապացույցը, փաստը, փոխարենը շատ են այնպիսի զրնգուն բառեր, որոնք վիրավորում են։ «Կապիտալ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել լրատվամիջոցների հարցերով փորձագետ, Հայաստանում «Ինտերնյուս» ցանցի ներկայացուցիչ Մանանա Ասլամազյանը:
Փորձագետի խոսքով՝ նման բարդ հարաբերությունները բնորոշ են ոչ միայն Հայաստանին: «Դրանք կան ամբողջ աշխարհում, սակայն բոլորին է հայտնի, որ գոյություն ունեն իրավաբաններ, որոնք քննում են կատարվածը, որպեսզի հասկանան՝ կարելի՞ է դա համարել վիրավորանք, թե՞ ոչ»,- ասել է նա։
Ասլամազյանի կարծիքով՝ երբ ինչ-որ մեկը պատվի և արժանապատվության ոտնահարման հոդվածով դատի է տալիս մեկին, դա միշտ էլ երկկողմանի սխալ է։ «Սեփական պատիվը պաշտպանելու համար պահանջել ինչ-որ գումար, որը կքանդի այդ հրատարակչությունը, իմ կարծիքով, պատիվ չի բերում հենց հայցվորին։ Ես երբեք սեփական արժանապատվությունը պաշտպանելու համար դատարան չէի գնա, քանի որ այդ կերպ, կամա թե ակամա, դառնում ես սկանդալի պատճառ, որը, ցավոք որևէ լավ բանի չի բերում»,- նշել է նա՝ ընդգծելով, սակայն, որ լրատվամիջոցները հաճախ իրենք են առիթ տալիս, որ «մարդ իրեն վիրավորված զգա»։ «Որքան շատ են նման դեպքերը, այնքան ցածր է մամուլի մակարդակը. դա նշանակում է, որ մամուլը չի կարողանում խոսել փաստերով և դիմում է վիրավորական և հիմար խոսքերի։ Այս երևույթը ես շատ հաճախ եմ հանդիպում հայկական լրատվամիջոցներում»,- ասել է նա։
Նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում տպագիր լրատվամիջոցների նկատմամբ մի քանի դատական գործ է հարուցվել: Վերջերս իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հայցով դատարան են դիմել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «Ժամանակ» և «Հրապարակ» օրաթերթերի դեմ, և ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը՝ «Երկիր» օրաթերթի դեմ:

No comments: