Friday, April 8, 2011

ՇՓՈՒՄՆԵՐ ՉՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ` ՊԱՀՊԱՆԵԼՈՎ «ՉՃԱՆԱՉՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ»

«ԱԶԳ» , 08-04-2011- Եվրոմիությունը, ընդգծելով Արեւելյան հարեւանության կտրվածքով անվտանգության հարցերում իր ակտիվ ներգրավվածությունը, ի դեմս Եվրոպական խորհրդարանի, ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է արել ակտիվացնել իրենց գործունեությունը մերձդնեստրյան եւ հարավկովկասյան ձգձգված հակամարտությունների կարգավորմանը հասնելու ուղղությամբ: Այս մասին նշված է «Եվրոպական հարեւանության քաղաքականության ամփոփում» բանաձեւի 47-րդ կետում: Բանաձեւը երեկ Եվրոխորհրդարանում, ըստ այդ կառույցի պաշտոնական կայքէջի, ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ:
Նույն կետում հստակեցվում է, որ հակամարտությունների կարգավորում ասվածը Եվրոխորհրդարանի բանաձեւում դիտարկվում է` «հիմնված միջազգային իրավունքի` ուժի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»: ԵՄ-ի անունից այս ամենից ավելացված է նաեւ, որ կարգավորումը դիտարկվում է «հակամարտության կարգավորման կառույցների, ներառյալ արդեն իսկ գոյություն ունեցող բանակցային ձեւաչափերի, հատկապես ԵԱՀԿ շրջանակներում գործող ձեւաչափերի առավել ակտիվ մասնակցության» միջոցով:
Առավել հատկանշական է, որ բանաձեւի հաջորդ` 48-րդ կետում Եվրոխորհրդարանը կոչ է արել հաշվի առնել պրագմատիկ նախաձեռնությունները եւ նորարարական մոտեցումները, եւ շփումներ հաստատել չճանաչված պետությունների փաստացի իշխանությունների (de facto authorities) եւ հասարակությունների հետ քաղաքացիական մշակույթին եւ տեղական համայնքի հետ երկխոսությանը աջակցելու նպատակով:

Սա զգալի առաջընթաց ու առադիմական քայլ է այդ տարածքների նկատմամբ ձեւավորված վերաբերմունքում, թեեւ Եվրոխորհրդարանը նույն կետով նաեւ ընդգծում է, որ այդ ամենը Եվրոմիությունը դիտարկում էՙ «պահպանելով ԵՄ չճանաչման քաղաքականությունը»:
Բանաձեւը նաեւ ընդգծում ու կարեւորում է լավ հարեւանային հարաբերությունների սկզբունքի քաջալերումը, նաեւ տարածաշրջանային համագործակցության զարգացումը հարեւանության ծրագրերի միոջոցով: Ընդ որում, խոսակցությունները, թե Եվրոմիության հատուկ ներկայացուցիչների առաքելությունները կարող են վերացվել, բանաձեւի տեղեկացմամբ, առայժմ չեն իրականանա, քանի որ դրանք գնահատվել են որպես նշանակալի դերակատարություն ունենալիք պաշտոններ, հատկապես երբ այդ առաքելությունը ներառում է տարածաշրջանային ուղղություն, մասնավորապես Հարավային Կովկասում:
Եվրոպական խորհրդարանի «Եվրոպական հարեւանության քաղաքականության ամփոփում» բանաձեւում նշված են այն հիմնական բոլոր ուղղություններն ու ծրագրերը, որոնք իրականացվում են արեւելյան ուղղությամբ: Բանաձեւում Արեւելյան գրոծընկերության անդամ երկրներին քաջալերում են լավ հարեւանային հարաբերություներ ունենալ, ընդ որում, «բարիդրացիական հարաբերությունները Արեւելյան գործընկերության երկրների համար Եմ անդամության ուղղությամբ ամենակարեւոր նախապայմաններից մեկն են»:

Այս առնչությամբ խոսակցություններն ու քննարկումները տարբերվում են նրանից, ինչ ամրագրվել է բանաձեւով: «Ազգը» տեղեկացրել էր, որ Եվրոխորհրդարանի քննարկման դրվելիք խորհրդարանական բանաձեւում որեւէ կերպ չի նշվում հեռանկարում գործընկերների` ԵՄ-ին անդամության հավանականությունը: Արեւելյան գործընկերության առումով ԵՄ մոտեցումների վերանայման մասով բանաձեւի նախագիծը նշում էր, որ նորացված հայեցակարգի համաձայն կսահմանվեն առավել հստակ ցուցանիշներ քաղաքական, սոցիալական եւ տնտեսական բարեփոխումների համար, որոնց հասնելու դեպքում միայն գործընկեր երկրները կարող են ԵՄ-ի առավել մեծ աջակցության հույս ունենալ: Սակայն, ինչպես տեսնում ենք բանաձեւում, Եմ անդամակցության հեռանկարը փակված չի ներկայացվել:

Բանաձեւը նաեւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ տարբեր իրավիճակի մասին է արձանագրել, ինչի մասին դեռեւս մարտի սկզբին հայտարարվել էր: Մասնավորապես, Եվրոմիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն պաշտոնապես հայտարարել էր, որ Եվրոմիությունը պատրաստվում է լուրջ վերափոխության ենթարկել քաղաքականությունը նախկին Խորհրդային Միության երկրների նկատմամբ եւ այժմ արդեն առավել խիստ պահանջներ սահմանել տրամադրվող օգնության դիմաց: Ընդ որում, Ֆյուլեի խոսքով, դեռ պետք է սպասել, որ այդ ամենն առավել ընդգծված կլինի մայիսին արդեն շրջանառության մեջ դրվելիք Եվրոպական հարեւանության ծրագրի վերանայված տարբերակում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: