Friday, April 15, 2011

Էրդողանը ԵԽԽՎ–ում վիրավորել էր հայկական արմատներով ֆրանսիացի խորհրդարանականին

Tert.am. 15-4-2011- ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ֆրանսիացի խորհրդարանական Մուրիել Մառլան–Միլիտելոյի միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո թուրքական մամուլը փորձում է մանրամասն տեղեկություններ փնտրել 68-ամյա կնոջ մասին։
Երեկ թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում Մառլան–Միլիտելոն հայտարարել է, որ ինքը ազգությամբ հայ է և Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգորդը։
«1915թ. իրադարձություններից հետո ընտանիքս նախ Եգիպտոս, իսկ այնուհետև Ֆրանսիա է գաղթել։ Նախնիներս երկար տարիներ ապրել են Ստամբուլի Քադըքյոյ շրջանում։ Ես էլ հաճախ եմ լինում Թուրքիայում»,– նշել է ֆրանսիացի խորհրդարանականը։
Անդրադառնալով Էրդողանի՝ իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությանը՝ Մառլան–Միլիտելոն ասել է. «Վարչապետի պաշտոն զբաղեցնող անձնավորությանը վայել չէ մեզ հետ այն էլ ԵԽԽՎ–ի ծածկի տակ խոսել նման տոնով»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթով հանդես էր եկել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում։ Ելույթից հետո խորհրդարանականները թուրք վարչապետին հարցեր էին ուղղել։ Ֆրանսիայի «Միություն հանուն ժողովրդական շարժման» իշխող կուսակցությունից պատգամավոր Մուրիել Մառլան–Միլիտելոն նույնպես հարց էր ուղղել Էրդողանին՝ նշելով, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունները զուրկ են կրոնական ազատություններից։

Էրդողանին ուղղակի ափերից հանել էր խորհրդարանականի հարցադրումը, որին ի պատասխան Թուրքիայի վարչապետն ասել էր. «Ձեզ կցանկանայի Թուրքիա հրավիրել։ Գլխի ընկա, որ ֆրանսիացի եք։ Թուրքիայում մենք բոլոր նրանց, ովքեր ինչ–որ մի թեմայից անտեղյակ են, ասում ենք՝ Ֆրանսիայից է գալիս»։

Էրդողանի այդ հայտարարությունից հետո միջազգային լրատվամիջոցներում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ Էրդողանը ԵԽԽՎ–ում վիրավորել է ֆրանսիացիներին։ Բացի այդ, նշվում էր, որ Մուրիել Մառլան–Միլիտելոն ունի թուրքական ծագում։

Մառլան–Միլիտելոն հայկական ծագում ունենալու հետ մեկտեղ, ըստ թուրքական լրատվամիջոցների, Ֆրանսիայի խորհրդարանում հայ–ֆրանսիական բարեկամության խմբի փոխնախագահն է։ Հայազգի պատգամավորը մեկն է այն 30 ֆրանսիացի խորհրդարանականներից, ովքեր ստորագրել են մի դեկլարացիայի տակ, որի համաձայն՝ «Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի կազմելու»։

No comments: