Friday, April 15, 2011

Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառում` ԱՄՆ-ի Կոնգրեսում

Diplomat.am. 15-4-2011- Ապրիլի 13-ին ԱՄՆ-ի Սենատում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառում: 18-րդ տարին անընդմեջ կազմակերպվող այս միջոցառմանը ներկա մի քանի հարյուր մասնակիցների առջև խոսքով հանդես եկան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 2 տասնյակից ավելի անդամներ, նրանց թվում` ինչպես հայկական խնդիրներով արդեն տարիներ շարունակ զբաղվող կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Հովարդ Բերմանը, Բրեդ Շերմանը, Էլիոտ Էնգըլը, այնպես էլ` Կոնգրեսի նորընտիր անդամներ, ովքեր ցեղասպանության և հայկական հարցերին սկսել են ծանոթանալ ընդամենը վերջին ամիսների ընթացքում:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Քարոլին Մալոնին, խոսելով առաջինը, նշեց, որ եթե Կոնգրեսը մոտ ապագայում նույնիսկ չկարողանա հաստատել ցեղասպանության բանաձևը, հույս կա, որ Հայոց ցեղասպանության թանգարանը շուտով կբացվի Վաշինգտոնում, որը սերունդներին կպատմի մարդկության պատմության սահմռկեցուցիչ հանցագործության մասին:

Միացյալ Նահանգների Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անդամ, Կալիֆոռնիայի հայաշատ Գլենդեյլից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆը միջոցառման ընթացքում ներկայացրեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հղած իր նամակը:

Նամակում, որը կոնգրեսականի կողմից արդեն իսկ ուղարկվել է Սպիտակ տուն, կոչ է արվում Օբամային ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել «ցեղասպանություն» եզրը:

Ադամ Շիֆի խոսքերով, եթե անցյալ տարի բառը չօգտագործելու համար որպես արդարացում էր բերվում հայ-թուրքական գործընթացը, ապա այժմ ակնհայտ է, որ թուրքական կողմը հաշտեցմանը պատրաստ չէ: Բարաք Օբամային մարդու իրավունքների պաշտպանության ջատագով համարելով` Ներկայացուցիչների պալատի անդամն իր նախագահից պահանջեց իրագործել իրերն ու երևույթներն իրենց անուններով կոչելու բարոյական պարտքը:

Նյու Ջերսի նահանգը ներկայացնող հայամետ սենատոր Ռիչարդ Մենենդեսը, ով մի քանի անգամ օգտագործել է ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից առաջադրված դեսպանների թեկնածությունների դեմ խոսքով հանդես գալու սենատորի իր իրավունքը, իսկ Մեթյու Բրայզայի և Ռիչարդ Հոգլանդի թեկնածություններն` արգելափակել, իր ելույթում հանդես եկավ հայտարարությամբ, որ քանի դեռ ինքը ԱՄՆ-ի Սենատի անդամ է, ցեղասպանությունը հերքող յուրաքանչյուր դեսպանի թեկնածություն շարունակելու է արգելափակել:

Դեմոկրատ սենատորը, ով Բարաք Օբամայի թեկնածությունն է պաշտպանել 2008 թվականի նախագահական ընտրություններում, հիշեցրեց, որ գործող նախագահն իր նախընտրական արշավի ընթացքում 1915-ի դեպքերը ցեղասպանություն է անվանել և շեշտեց, որ ժամանակն է հետևել նախագահ Ռեյգանի օրինակին:

Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արդեն նախկին խոսնակ Նենսի Փելոսին, ով շարունակում է օրենսդրի իր գործունեությունը որպես կոնգրեսական, ի տարբերություն նախորդ տարիների, միջոցառմանը չէր մասնակցում:

No comments: