Friday, April 15, 2011

Ն.Զոհրաբյան. «Հայ ժողովրդին խորթ են Ադրբեջանին բնորոշ անմարդկային մեթոդները` երեխաներին, քնած մարդկանց, գերիներին սպանելը

Panorama.am. 15-4-2011- ԵԽԽՎ-ում կրքերը շարունակվում են բորբոքվել: Ինչպես Panorama.am-ին Ստրասբուրգից տեղեկացրեց Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, իր վերջին ելույթում նա հակադարձել է վեհաժողովի ամբիոնից ադրբեջանական պատվիրակության անդամների հնչեցրած ստին ու կեղծիքին:Այդ ելույթի կոնտեքստում նա վեհաժողովին է հիշեցրել հոկտեմբերի 5-ին Ադրբեջանում, իբր, ինքնասպան եղած Հայաստանի սահմանամերձ գոտուց առևանգված քաղաքացիական անձ, հովիվ Մանվել Սարիբեկյանի դեպքը. «Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվել էր տեսահոլովակ, որտեղ երևում էին Սարիբեկյանի վրա անմարդկային խոշտանգման ակնհայտ հետքեր: Հայաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունները բաց նամակ հղեցին միջազգային բոլոր կառույցներ, այդ թվում նաև ԵԽԽՎ, սակայն որևէ հստակ արձագանք մենք այդպես էլ չստացանք»,- իր ելույթում հիշեցրել է պատգամավորը:

Նրա խոսքով ստացվում է, և այդ մասին նա հնչեցրել է ԵԽԽՎ ամբիոնից, որ ԵԽ անդամ երկիրը կարող է չհարգել իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները և շարունակել տանջանքն ու անմարդկային վերաբերմունքն օգտագործել որպես գործիք:
«Ավելին, այդ երկրի Միլի Մեջլիսի փոխնախագահն իր էմոցիոնալ, սակայն տրամաբանությունից զուրկ ելույթում անգամ երեխայի մահը կարող է դարձնել քարոզչական շահարկման առարկա` խոսքը մարտի 4-ին, ըստ ադրբեջանական քարոզչության, իբր հայ դիպուկահարի կրակոցից մահացած ադրբեջանցի երեխայի մասին է: Սակայն հարկ եմ համարում մատնանշել, որ ցանկանած փորձաքննություն անմիջապես կպարզի, որ ԼՂՀ պաշտպանության բանակի առաջատար դիրքերից մինչև այդ երեխայի Օրթա Քարվանդ գյուղը հեռավորությունն ու ռելիեֆն այնպիսին է, որ ոչ մի դիպուկահար գնդակ հայկական դիրքերից չէր կարող հասնել նշանակետին»,- շարունակել է Ն.Զոհրաբյանը:

Եվ եթե ադրբեջանական քարոզիչները պնդում են, որ երեխան մահացել է գնդակից, ապա դեռ պետք է ապացուցել, թե ո՞ր կողմից են կրակել: Ուստի, մատնանշել է պատգամավորը, հատկանշական է, որ Ադրբեջանը հրաժարվում է այս դեպի հետ կապված դիտարկում անցկացնելուց, «Չի բացառվում, որ երեխան դարձել է Օրթա Քարվենդի և Շխլար գյուղերի միջև գտնվող ադրբեջանցի դիպուկահարների կողմից արձակված կրակի զոհը£ Եվ պատահական չէ, որ վերջերս Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, որ իրենք իրենց երեխաներից դպրոցական հասակից դիպուկահարներ են պատրաստում` հայ զինվորներին սպանելու համար: Ցավոք, Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը չի խորշում որևէ մեթոդից` շահարկելով անգամ երեխաների կյանքն ու մահը»,- դիմելով ԵԽԽՎ պատվիրակներին ընդգծել է Հայաստանի պատվիրակության անդամը և հավելել, որ Միլի Մեջլիսի փոխնախագահին ուղղված իր նամակում Հայաստանի նախագահն ամեն ինչ հստակ ասել է:

Այնուհետև Ն.Զոհրաբյանը շեշտել է` հայ ժողովրդի համար խորթ են Ադրբեջանին բնորոշ անմարդկային մեթոդները` երեխաներին, քնած մարդկանց, գերիներին սպանելն ու խոշտանգելը, մադասպաններին ազգային հերոս հռչակելը. «Միլի Մեջլիսի փոխնախագահին խորհուրդ կտայի մեկ անգամ ևս վերհիշել, թե ի՞նչ վայրագություններ են կատարել իր հայրենակիցները Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում, Կիրոբավադում: Եթե փոխնախագահ տիկինը հիշողության հետ կապված խնդիրներ ունի, ապա ադրբեջանական վայրագությունների մասին պատմող բազում վավերագրական կադրեր կարող եմ փոխանցել տիկնոջ երկրի ներկայացուցչությանը»,- առաջարկել է նա ու հավելել, թե հասկանում է` հայելու մեջ նայելը, հատկապես, որ այնտեղ միայն հրեշի դեմք է երևալու, ծանր բան է: Սակայն պետք է համարձակություն ունենալ նայել ճշմարտության աչքերին:

No comments: