Wednesday, April 13, 2011

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

«Լրագիր» 13-4-2011- Անցած տարվա հուլիսի 27-ին Տավուշի մարզի Մեհրաբներ զորամասում զինվորական ծառայության ընթացքում մահացած Արտակ Նազարյանի քրեական գործով նախաքննությունը շարունակվում է արդեն 9 ամիս: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը կալանավորել է Մեհրաբներ զորամասից ևս մեկ զինծառայողի` դասակի հրամանատար, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, ով կասկածվում է հանցագործությանը մասնակցություն ունենալու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-375 հոդվածի 2-րդ մասով:
Որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ նշվում է, որ 23 ամյա բարձրագույն զինվորական կրթությամբ Վահագն Հայրապետյանը Մեհրաբներ զորամասում ծառայության է նշանակվել 2010 թ. հունիսի 16-ին` Արտակ Նազարյանի մահվան դեպքից շուրջ 40 օր առաջ: Նա ևս նշանակված է եղել որպես հենակետի ավագ: Արտակ Նազարյանի ծառայության հենակետ Վահագն Հայրապետյանը եկել է գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանի կանչով և վերջինիս “օժանդակելու” նպատակով “բռնություն է գործադրել” Արտակ Նազարյանի նկատմամբ` “անկանոն հարվածներ հասցնելով նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին, ինչն առաջացրել է ծանր հետևանք....”:

Հիշեցնենք, որ կատարված հանցագործությունից անմիջապես հետո կալանքի տակ են վերցվել կապիտան Հակոբ Մանուկյանն ու ևս 3 շարքային զինծառայողներ, ովքեր մեղադրվում են Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ:

ՊՆ քննչական ծառայությունը պաշտպանության նախարարության գլխավորությամբ Արտակ Նազարյանի մահվան դեպքը նախ որակեց ինքնասպանություն, ապա նրան ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք առաջադրեց նույն զորամասի երեք շարքային զինծառայողների և գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին:

Դասակի հրամանատար Վահագն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը նույնպես մտնում է ինքնասպանության հասցնելու տրամաբանության մեջ: Նախաքննական մարմինը առաջնորդվում է միայն նշված վարկածով:

Ի դեպ, որոշ տեղեկություններով, կալանավորված Վահագն Հայրապետյանը Վահան Խալաֆյանի գործով անցնող մեղադրյալ ոստիկաններից մեկի` Մորես Հայրապետյանի եղբորորդին է: Վահագն Հայրապետյանի հայրն էլ ոստիկան է:

Բանակում տարվա ընթացքում տեղի ունեցած միջադեպերի թվում անդրադարձ կա 2010 թվականի ԱՄՆ պետական դեպարտամենտի մարդու իրավունքների զեկույցում.

“Հուլիսի 27-ին Տավուշի մարզում սպա Արտակ Նազարյանի մահվան դեպքը. Պաշտոնական տեղեկությունների համաձայն, սպան ինքնասպանություն է գործել հալածանքների ենթարկվելու արդյունքում։ Արտակ Նազարյանի ազգականների համոզմամբ, նրան կամ պարտադրել են ինքնասպանություն գործել, կամ սպանել են”։

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

No comments: