Thursday, April 7, 2011

Սարկոզին չի աջակցում Ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծին. Ելիսեյան պալատը՝ Անկարային

Tert.am. 7-4-2011- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չի աջակցում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծին։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթը, Փարիզում Թուրքիայի պետնախարար և ԵՄ անդամակցության հարցով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի հետ հանդիպմանը հայտարարել է Սարկոզիի գլխավոր խորհրդական Ժան Դավիդ Լևիտը։
«Դուք գիտեք թեմայի առնչությամբ նախագահ Սարկոզի դիրքորոշումը։ Այդ նախաձեռնությանը չենք աջակցում։ Հարցն օրակարգ է բերել Սոցիալիստական կուսակցությունը։ Դուք ավելի շատ պետք է աշխատեք հենց սոցիալիստների հետ»,– ասել է Սարկոզիի գլխավոր խորհրդականը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սոցիալիստական ընդդիմադիր կուսակցությունը պատրաստվում է մայիսի 4-ին Սենատի օրակարգ բերել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը։
Օրինագիծը 2006թ. ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) կողմից և մինչև օրս չի վավերացվել Սենատում: 2010թ. մայիսի 19-ին նման օրինագիծ էր ներկայացվել Կոմունիստական կուսակցության անդամ, Սենատի փոխխոսնակ Գայ Ֆիշերի կողմից: Իսկ 2010թ. հուլիսի 5-ին 30 սոցիալիստ սենատորներ ներկայացրեցին համանման ևս մեկ օրինագիծ: Այդպիսով, ֆրանսիական Սենատում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծերը երեքն են, և շատ հնարավոր է, որ ֆրանսիացի սենատորները 2011թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկեն այդ օրինագծերը։
Եթե օրինագիծն արժանանա ֆրանսիական Սենատի հավանությանը և ստորագրվի երկրի նախագահի կողմից, ապա Ֆրանսիայի տարածքում բոլոր նրանք, ովքեր կպնդեն, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, կդատապարտվեն 5 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազար եվրոյով:

No comments: